Գերմանիայի եւ ԱՄՆ իշխանություններն առայժմ ուղիղ բանակցություններ չեն վարել «Հյուսիսային հոսք-2» գազատարի շուրջ, հայտնում է Handelsblatt պարբերականը՝ վկայակոչելով Գերմանիայի էկոնոմիկայի նախարարության հայտարարությունը:
ԱՄՆ-ն ակտիվորեն հանդես է գալիս նախագծի դեմ եւ ԵՄ-ում առաջ է մղում իր հեղուկ բնական գազը:
Handelsblatt-ի փոխանցմամբ՝ պատճառն այն է, որ Վաշինգտոնում կարեւոր պաշտոններում դեռեւս նշանակումներ չեն արվել: Գերմանիայի էկոնոմիկայի նախարարությունից նշում են, որ երկխոսությունը կարող է սկսվել միայն այն բանից հետո, երբ գերմանական գերատեսչության ղեկավար Պետեր Ալթմայերի հետ շփվող անձինք եւ գործընկերները ԱՄՆ նոր վարչակազմում հայտնի դառնան եւ հաստատվեն:
Ընդ որում, ինչպես նշում է պարբերականը, այս թեմայով ԱՄՆ-ում արդեն ներքին քննարկում վարվում է: Ըստ Handelsblatt-ի տեղեկությունների՝ ԱՄՆ Ազգային անվտանգության խորհրդի ղեկավարությամբ մի շարք նախարարություններ՝ Պետքարտուղարության, ֆինանսների նախարարության եւ էներգետիկայի նախարարության հետ խորհրդակցություններ են անցկացրել, թե ինչպես գործեն «Հյուսիսային հոսք-2»-ի շուրջ վեճում:




























