Հնդկաստանի Թամիլնադ նահանգի Թանջավուր քաղաքում վայրի կապիկներն առեւանգել են նորածին երկվորյակներին եւ սպանել նրանցից մեկին, հայտնում է The Times of India-ն:

Միջադեպը տեղի է ունեցել, երբ երեխաներին կարճ ժամանակով առանց հսկողության են թողել. հայրն աշխատանքի էր գնացել, իսկ մայրը բակի զուգարանում էր: Մի քանի կապիկներ քանդել են տանիքը, թափանցել ներս եւ տարել նորածիններին: Մայրն աղմուկ է լսել եւ նետվել տուն, բայց կենդանիները հասցրել են թաքնվել:

Կինը վազել է փողոց եւ տանիքի վրա տեսել կապիկին, որը բռնել էր նորածիններից մեկին: Մի քանի մարդ շտապել են օգնության, քշել են կապիկին եւ նորածնին բարեհաջող իջեցրել տանիքից: Երկվորյակներից երկրորդին փրկել չի հաջողվել: Ավելի ուշ մահացած 8 օրական աղջկան գտել են առվի մեջ:

Դեպքի վայր են ուղարկվել անտառի դեպարտամենտի ներկայացուցիչները, որոնք փորձում են կապիկներին բռնել: