Կիպրոսի հանրապետության նախագահ Նիքոս Անաստասիադիսը եւ Եվրահանձնաժողովի ղեկավար Ուրսուլա ֆոն դեր Լյայենը հանդես են եկել ի շահ ԵՄ մասնակցության կիպրական կարգավորման հարցում առաջիկա գագաթնաժողովում, որը պատրաստվում է առաջիկայում անցկացնել ՄԱԿ-ի գլխավոր քարտուղար Անտոնիու Գուտերիշը: Այդ մասին գրավոր հայտարարությամբ տեղեկացրել է կղզիական պետության կառավարության պաշտոնական ներկայացուցիչ Կիրիակոս Կուշոսը, հաղորդում է ՏԱՍՍ-ը:
Կուշոսի խոսքով՝ Անաստասիադիսն ու ֆոն դեր Լյայենը նաեւ ընդգծել են անհրաժեշտությունը, որ Կիպրոսի մասնատված կղզու խնդրի հնարավոր կարգավորման արդյունքում կշարունակեր «մնալ ԵՄ վստահությանն արժանի եւ գործառնող անդամ»:
Բացի այդ, Անաստասիադիսն ու ֆոն դեր Լյայենը փոխանակել են կարծինքեր մարտին կայանալիք ԵՄ գագաթնաժողովի մասին, որի ժամանակ, ինչպես ակնկալվում է, կքննարկվեն ԵՄ եւ Թուրքիայի միջեւ հարաբերությունները: Այդ կապակցությամբ Կիպրոսի Հանրապետության նախագահը նշել է անհրաժեշտությունը, որ Անկարան հաստատի կոնկրետ գործնական գործողություններով իր հրապարակավ արտահայտած դիրքորոշումը Բրյուսելի հետ հարաբերություններն ամրապնդելու մասին եւ որ այդ գործողությունները դուրս չգան միջազգային եւ եվրոպական օրենսդրության սահմաններից, եւ միեւնույն ժամանակ լինեն հաջորդական եւ երկարատեւ:
Բացի այդ, նրանք քննարկել են նոր կորոնավիրուսի տարածման դեմ պայքարի շուրջ իրավիճակը: Անաստասիադիսն իր երախտիքն է հայտնել Եվրահանձնաժողովին, եւ մասնավորապես, ֆոն դեր Լյայենին, ինչպես նաեւ առողջապահության եւ պարենային անվտանգության հարցերով եվրահանձնակատար Ստելա Կիրիակիդիսին այն ջանքերը սատարելու համար, որոնք ձեռնարկում են եվրոպական երկրները համավարակի դեմ պայքարում, այդ թվում՝ բնակչությանը պատվաստելու գործում:





























