Բուհերի հոգաբարձուների խորհրդի 9 տեղերից 4-ը կտրվի հենց այդ բուհերի ներկայացուցիչներին` դասախոսական կազմին եւ ուսանողներին: Այս մասին փետրվարի 26-ին Ազգային ժողովում Գիտության, կրթության, մշակույթի, սփյուռքի, երիտասարդության և սպորտի մշտական ​​խորհրդարանական հանձնաժողովի նիստին «Բարձրագույն կրթության մասին» եւ 22 հարակից այլ օրենքներում լրացումներ ու փոփոխություններ նախատեսող օրինագծերի փաթեթի քննարկման ժամանակ ասաց ՀՀ Կրթություն, գիտության, մշակույթի եւ սպորտի նախարար Վահրամ Դումանյանը:
Ընդ որում, 5 տեղ փաստացի կանցնի կառավարությանը:

Այնուհետեւ, հոգաբարձուների խորհրդի անդամներ ընտրելիս թեկնածուների հետ կապված առաջարկները պետք է ներկայացվեն որոշման կայացումից 1 ամիս առաջ: Եթե բուհերի կողմից ներկայացվելիք քվոտաները չտրամադրվեն ​​նշված ժամանակահատվածում, ապա լիազոր մարմինը (Կառավարությունը) կկարողանա իրավունք վերապահել լրացնել թափուր պաշտոններ: Ընդ որում, բուհերի հոգաբարձուների խորհրդի նախագահը չի կարող լինել այդ բուհի դասախոս կամ ուսանող:

«Հոգաբարձուների խորհուրդը բուհի ռեկտորի պաշտոնում կընտրի մեկ անձի ուղիղ քվեարկությամբ եւ աշխատանքային պայմանագիր կկնքի նրա հետ»,- ասաց Դումանյանը: Իսկ դիմել ռեկտորի պաշտոնի համար կկարողանան 65 տարեկանից ցածր անձինք: Ընտրվելու դեպքում նրանք կկարողանան աշխատել այնքան, որքան նշված է պայմանագրում (մինչեւ 5 տարի` խմբ.): Բացի այդ, բուհերում ղեկավար պաշտոնների համար որոշակի սահմանափակումներ կներդրվեն, մասնավորապես` քաղաքական: Նրանց կարգելվի քաղաքական գործունեությամբ զբաղվել: Նախարարը խոստովանեց, որ փոփոխությունները կատարվել են միայն Հայաստանի տարբեր բուհերի պրոֆեսորադասախոսական կազմի եւ Հայաստանի Գիտությունների ազգային ակադեմիայի հետ բանակցություններից եւ քննարկումներից հետո:

Նշենք, որ ավելի վաղ նախարար Դումանյանը մի փոքր այլ բանաձեւ էր առաջարկել բուհերի հոգաբարձուների խորհրդի կազմի ձեւավորման եւ ռեկտորների ընտրության համար: Այդպես, ավելի վաղ նա հայտարարել էր, որ կառավարման խորհրդի որոշմամբ մինչեւ 3 թեկնածու, ում կհաջողվի առավելագույն ձայներ հավաքել, կներկայացվի լիազոր մարմնի ղեկավարին, այսինքն` նախարարին, ով «կընտրի», իսկ գործնականում կնշանակի ռեկտորին: Նոր ռեկտորի հետ 5 տարվա պայմանագիր կստորագրվի: Ինչ վերաբերում է հոգաբարձուների խորհուրդներին, ապա փաստացի կառավարման խորհրդի 9 տեղերից 5-ը լինելու է նույն լիազոր մարմնինը` իշխանություններինը: Այսինքն` խոսքը ռեկտորների նշանակման գործընթացն իշխանությունների վերահսկողության տակ լիարժեք անցման մասին է, ինչպիսի բան չի եղել ոչ խորհրդային շրջանում, ոչ էլ անկախության նախորդ շրջանում: