Ֆրանսիայի արտաքին գործերի նախարար Ժան-Իվ Լե Դրիանը եւ ՄԱԳԱՏԷ-ի գլխավոր տնօրեն Ռաֆայել Մարիանո Գրոսին հեռախոսազրույց են ունեցել Իրանի միջուկային գործարքի (Գործողությունների համատեղ համապարփակ ծրագիր` ԳՀՀԾ) վերաբերյալ, հաղորդում է Mehr-ը:
ՄԱԳԱՏԷ-ի ղեկավարի հետ հեռախոսազրույցի ընթացքում Ֆրանսիայի ԱԳՆ ղեկավարը լուրջ անհանգստություն է հայտնել Իրանի կողմից ԳՀՀԾ-ի մասով լրացուցիչ արձանագրության կամավոր կատարման կասեցման կապակցությամբ:
Ֆրանսիայի արտաքին գործերի նախարարության տարածած հայտարարության համաձայն` Լե Դրիանը բարձր է գնահատել ՄԱԳԱՏԷ-ի «անաչառ եւ մասնագիտական քայլերը» եւ շեշտել է, որ ամբողջության սատարում է Գրոսիի ջանքերը, որոնք ուղղված են գործակալության` Իրանի պարտավորությունների ստուգման եւ վերահսկման մասով առաքելության եւ գործունեության շարունակմանը:
Ֆրանսիայի արտգործնախարարը նաեւ մտահոգություն է հայտնել լրացուցիչ արձանագրության կամավոր կատարման կասեցման վերաբերյալ Իրանի որոշման կապակցությամբ եւ ՄԱԳԱՏԷ-ի գլխավոր տնօրենի հետ քննարկել է ԱՄՆ-ին եւ Իրանին միջուկային պարտավորությունները վերադարձնելու Ֆրանսիայի եւ նրա գործընկերների հետ դիվանագիտական ջանքերը, նշվում է հայտարարության մեջ:
Փետրվարի 18-ին Պետդեպարտամենտի մամուլի պատասխանատու Նեդ Փրայսը հայտարարել է, որ Միացյալ Նահանգները պատրաստ են մասնակցել Իրանի եւ միջուկային ծրագրի «5+1» ձեւաչափի այլ մասնակիցների (Ռուսաստան, Բրիտանիա, Չինաստան, Ֆրանսիա եւ Գերմանիա) բանակցություններին: Reuters-ի տվյալներով` ԵՄ բարձրաստիճան ներկայացուցիչն ավելի վաղ հայտարարել էր, որ Բրյուսելը պատրաստ է մասնակիցների հանդիպում անցկացնել այս ձեւաչափով:





























