Վերջին ամիսների գնաճը նույնիսկ ամենաանհույս լավատեսներին ստիպեց վերանայել կարծիքը հայրենական տնտեսության մասին: Ամենաբարձր ամբիոններից հնչում են տեսակետներ, որոնք նախկինում միայն ընդդիմության հանրահավաքներում էին հնչում: Առանց այլեւայլությունների խոսվում է օլիգոպոլիաների ճնշող գերակայության, կառուպցիայի դեմ ավելի կոշտ պայքար մղելու անհրաժեշտության, տեղական արտադրողի հաշվին ներմուծողների բարգավաճման անթույլատրելիության, նաեւ ամենազոր ընկերությունների գործունեության թափանցիկությունն ապահովելու մասին:  

Կառավարության հերթական նիստում վարչապետ Տիգրան Սարգսյանն անդրադարձավ «Նաիրիտի» փաստացի պարապուրդին եւ մարդկանց անհանգստությունը հանելու լավագույն միջոց համարեց ամբողջական ու օբյեկտիվ տեղեկատվության տրամադրումն ու թափանցիկությունը:

Ավստրիայի մայրաքաղաքում կայացած Համաշխարհային տնտեսական ֆորումում Տիգրան Սարգսյանը հայտարարեց, որ հիմնարար փոփոխությունների համար անհրաժեշտ է ստեղծել քաղաքացիական հասարակություն, որը կվերահսկի կառավարությանը` կանխելով կոռուպցիան: Տիգրան Սարգսյանը որպես տնտեսության զարգացումը զսպող գործոն առանձնացրեց հենց կոռուպցիան:  

Վարչապետի միտքը զարգացնելով` կարելի է ասել, որ զինված է նա, ով տեղեկացված է: Միայն տեղեկացված լինելու դեպքում հասարակությունը կկարողանա արդյունավետ վերահսկել ոչ միայն կառավարության, այլեւ խոշոր առեւտրային ընկերություների գործունեութունը:

Սակայն գաղտնիք չէ, որ խոշոր բիզնեսն առիթը բաց չի թողնում օրենսդրության թույլ տեղերից օգտվելու եւ գերշահույթներ ստանալու համար: Օրինակ` Հայաստանում վարկերի տարեկան տոկոսադրույքի միջին մակարդակը 14 տոկոս է, ԱՄՆ-ում միջինը 6 տոկոս է: Սփյուռքահայ գործարարներներն էլ հաճույքով օգտվում են այդ տարբերությունից: Բիզնեսը մնում է բիզնես եւ կապիտալը հոսում է շահութաբեր հարթակներ: Հայաստանում գրեթե բոլոր խոշոր առեւտրային ընկերությունները օտարերկրյա ընկերությունների ամբողջական կամ մասնակի սեփակաություն են: Նրանք էլ թելադրում են գներն ու սակագները:

Օրինակ` գաղտնիք չէ, որ Հայաստանում չափազանց բարձր է ինքնաթիռի տոմսերի գինը: Երեւանում ընթացիկ տարվա մայիսին ինքնաթիռի տոմսի միջին գինը 154,4 հազար դրամ է` մոտ 410 դոլար: Այն 1,5 անգամ բարձր է միջին ամսական աշխատավարձից: Բացի այդ ամառային արձակուրդներին տոմսերի գները բարձրանում են: Բարձր գները խոչընդոտում են նաեւ տուրիստների ներհոսքը Հայաստան: Եվրոպայում նույն գնով կարելի է ձեռք բերել ոչ միայն ավիատոմսը, այլեւ տուրիստական ուղեգիրը:

Իսկ մեր հասարակությունը բացարձակ տեղյակ չէ, թե ինչպես են գոյանում հայաստանյան գներն ու սակագները: Հիմնախնդիրը «առեւտրային գաղտնիքի» ինստիտուտի մեջ է, որով քողարկվում են գերշահույթները: Հասարակ տեղեկատվության գերգաղտնիությամբ արդարանալը ծիծաղելի է Հայաստանի նման երկրում, որտեղ գաղտնիքները ձայնի արագությամբ են տարածվում: Եթե որեւէ առեւտրային ընկերություն ցանկանա տվյալներ ունենալ մրցակցի մասին, ապա արդյունաբերական լրտեսության հետ կապված խնդիր հաստատ չի ունենա: Այնպես որ, «առեւտրային գաղտնիքի» մասին առասպելն ընդամենը պղպջակ է:

Եթե հասարակությանը, իսկապես, այդքան կարեւոր դեր է վերապահվում, ապա այն պետք է տեղեկացված լինի ոչ միայն նախարարությունների եւ գերատեսչությունների, այլեւ խոշոր առեւտրային ընկերությունների գործունեության մասին: Պետեկամուտների կոմիտեն եռամսյակը մեկ հրապարակում է 1000 խոշորագույն ընկերությունների վճարած հարկեը: Այդ տեղեկատվությունը համեմատություններ անելու հնարավորություն է տալիս: Սակայն մինչեւ այսօր գաղտնի են մնում առեւտրային ընկերությունների գործունեության մասշտաբներին վերաբերող կարեւորագույն ֆինանսական ու տնտեսական ցուցանիշները: Վստահաբար կարելի է ասել, որ այդ տվյալների հրապարակումը չի հանգեցնի ընկերությունների սնանկացման: Իսկ առանց այդ տվյալների հասարակությունը չի կարող իրականացնել վարչապետի նշած վերահսկողական ֆունկցիաները: