Թեհրանը «սխալ ուղղությամբ է շարժվում» միջուկային գործարքի հարցում: Նման տեսակետ է չորեքշաբթի օրը հայտել Միացյալ Նահանգների պետքարտուղար Էնթոնի Բլինքենն ԱՄՆ հանրային հեռարձակման ծառայությանը (PBS) տված հարցազրույցում, որի սղագրությունը տարածել է Պետդեպարտամենտի մամուլի ծառայությունը, փոխանցում է ՏԱՍՍ-ը:
ԱՄՆ արտգործնախարարին հարցրել են` արդյո՞ք ԱՄՆ զինված ուժերի կողմից Այն Ալ-Ասադի իրաքյան ավիաբազայի հրթիռակոծումը կանդրադառնա Իրանը բանակցային սեղան վերադարձնելու ԱՄՆ ձգտման վրա եւ արդյո՞ք Վաշինգտոնը դրա համար պատրաստ է հրաժարվել Թեհրանի դեմ կիրառվող որոշ պատժամիջոցներից:
«ԵՄ-ն, որը նախնական համաձայնագրի կողմերից մեկն է, հրավիրել է բոլոր մյուս կողմերին` մեր եվրոպացի գործընկերներին, ինչպես նաեւ Ռուսաստանին, Չինաստանին, Իրանին եւ մեզ, հավաքվել` միջուկային գործարքին հնարավոր վերադարձի հարցը քննարկելու համար: Մենք դրական պատասխան ենք տվել, Իրանը` բացասական: Տեսնենք, թե նրանք ինչ կանեն հետագայում: Մենք հստակ հասկացրել ենք, որ դիվանագիտական ուղին բաց է: Այժմ Իրանի հերթն է որոշել` համաձայն, թե ոչ»,- ասել է ամերիկյան դիվանագիտության ղեկավարը:
Ապա լրագրողը կրկին հարցրել է` արդյոք Վաշինգտոնը դիտարկում է հակաիրանական պատժամիջոցների վերացման հնարավորությունը: «Մենք հստակ հասկացրել ենք, որ Իրանը պետք է վերադառնա միջուկային համաձայնագրով ստանձնած իր պարտավորություններին: Եթե նա անի դա, մենք էլ կանենք նույնը: Եվ դա պատժամիջոցների որոշակի մեղմացում կներառի: Բայց մենք դրանից շատ հեռու ենք: Ցավոք, Իրանը սխալ ուղղությամբ է շարժվում»,- պատասխանել է Բլինքենը:
Երեքշաբթի Իրանի կառավարության խոսնակ Ալի Ռաբիին հայտարարել էր, որ ԱՄՆ-ի հետ երկխոսության վերսկսման համար Թեհրանը նախ պետք է համոզվի, որ Վաշինգտոնը վերացնում է պատժամիջոցները: Դրանից առաջ Իրանի ԱԳՆ ներկայացուցիչ Սաիդ Խաթիբզադեն հայտնել էր, որ իրանական կողմը ներկա պայմաններում նպատակահարմար չի գտնում Միացյալ Նահանգների մասնակցությամբ Եվրամիության կողմից առաջարկված հանդիպման անցկացումը միջուկային գործարքի հարցով:





























