«Ժառանգություն» խմբակցության պատգամավոր Արմեն Մարտիրոսյանը չի վախենում, որ 2012 թվականի խորհրդարանական ընտրություններից հետո իրենք Ազգային ժողովում քիչ տեղեր կունենան, սակայն վերապահումներ ունի՝ կապված ընտրություների ժամանակ ընտրախախտումների ծավալների հետ։ Հունիսի 14-ին տեղի ունեցած մամուլի ասուլիսի ժամանակ այս մասին ասաց «Ժառանգություն» խմբակցության պատգամավոր Արմեն Մարտիրոսյանը։
«Աշխարհը մեզնով ոչ սկսվել, ոչ էլ վերջանալու է։ Ավելի էական է, թե հասարակությունը որքանով կպայքարի իր ձայնը պաշտպանելու համար»,- ասաց նա՝ միաժամանակ համոզմունք հայտնելով, որ իր կուսակցությունը խորհրդարանում ոչ միայն կպահպանի իր տեղերը, այլ նաեւ կավելացնի դրանք։
Ամփոփելով՝ Արմեն Մարտիրոսյանը չբացառեց, որ խորհրդարանական ընտրություններից հետո Հանրապետական կուսակցությունը եւ Հայ ազգային կոնգրեսը հանդես կգան միասնաբար։ «Ընտրությունների ժամանակ համատեղ դաշինքն այնքան էլ հավանական չէ, սակայն ընտրություններից հետո այդ ուժերը կոալիցիա կձեւավորեն, այն էլ բավականին տրամաբանական կոալիցիա, որովհետեւ իշխանության եւ ՀԱԿ-ի միջեւ շատ հարցերի շուրջ նույնանման մոտեցումներ կան, նման է նաեւ երկու ուժերի աշխատաոճը»,- ամփոփեց պատգամավորը։




























