Այս տարվա հունվարի 8-ին Կարս այցելած Թուրքիայի վարչապետի Ռեջեփ Թայիփ Էրդողանի կողմից «հրեշավոր» անվանված հայ-թուրքական բարեկամությանը նվիրված Մարդկության հուշարձանն այլեւս չկա:

Թուրքական Hurriyet-ի փոխանցմամբ`   Կարսի նախկին քաղաքապետ Նաիֆ Ալիբեյօղլուի կողմից պատվիրված Մարդկության հուշարձանի վերջին 30-րդ մասը 2 օրվա ընթացքում քանդվել է: Մինչ այդ կտորները կտրում եւ տեղափոխում էին նախատեսված վայր:

Հիշեցնենք, որ Կարսի նախկին քաղաքապետ Նաիֆ Ալիբեյօղլուն, ով մշտապես հանդես էր գալիս հայ-թուրքական սահմանի առանց նախապայմանների բացման օգտին եւ դրա համար Կարսում ստորագրահավաք էր կազմակերպել, տարիներ առաջ նախաձեռնել էր հսկա արձանի ստեղծումը, որը պետք է խորհրդանշեր հայ-թուրքական բարեկամությունը եւ խաղաղությունը, սակայն 2009-ին քաղաքապետի ընտրություններում նա պարտություն է կրում։ Անավարտ արձանը  անորոշ  ճակատագրով տեղադրվել էր Կարսի հին հայկական թաղամասին կից գտնվող բարձունքում։