Հայաստանն արմատապես կվերանայի քաղաքացիներին սոցիալական փաթեթներ տրամադրելու կարգը: Բավականին շատ փոփոխություններ կլինեն: Այս մասին մարտի 12-ին լրագրողների հետ հանդիպմանն ասաց Աշխատանքի եւ սոցիալական հարցերի նախարարության աշխատանքի եւ զբաղվածության վարչության պետ Ժորա Սարգսյանը՝ անդրադառնալով սոցիալական փաթեթով տրամադրվող ծառայությունների ավելացման նախագծին:

Այդպես, նրա խոսքով, առաջարկվում է ընդլայնել սոցիալական փաթեթով տրամադրվող ծառայությունների ցանկը: «Եթե, ըստ գործող կարգի, սոցփաթեթի շահառուները հնարավորություն ունեն ստացված գումարը ծախսել մի քանի ուղղություններով՝ պետության կողմից սուբսիդավորված հիպոթեկային վարկի մարում, ապահովագրական ծառայությունների ձեռք բերում, կրթություն: Այժմ նրանց հնարավորություն կտրվի սոցիալական փաթեթից միջոցներն օգտագործել սպորտի, առողջության եւ այլ նմանատիպ նպատակներով»,- պարզաբանեց պաշտոնյան:

Ընդ որում, նա նշեց, որ դա ուղղված է առողջ ապրելակերպի խթանմանը: Մարդիկ, ըստ Սարգսյանի, իրենց ժամանակի մեծ մասը նստած են անցկացնում, իսկ նորամուծությունը կարող է առիթ դառնալ, օրինակ, մարզադահլիճներ այցելելու համար: «Բացի այդ, հնարավոր կլինի սոցիալական փաթեթների գումարից մարել ուսանողական վարկերը: Դա ուսանողի ընտանիքի անդամին հնարավորություն կտա իր սոցիալական փաթեթի գումարն օգտագործել ուսանողական վարկի մարման համար»,- ասել է ՀՀ աշխատանքի եւ սոցիալական հարցերի նախարարության ներկայացուցիչը:

Քաղաքացիները կկարողանան նաեւ սոցիալական փաթեթից գումարներն ուղղել, օրինակ, ցանկացած ատամնաբուժական կենտրոն՝ իրենց ատամների բուժման համար: