Ներկայումս բանակցություններ են ընթանում «Հայջրմուղկոյուղի» պետական ընկերության կառավարիչ ֆրանսիական SAUR ընկերության հետ պայմանագիրը մինչեւ 2013 թ. երկարաձգելու վերաբերյալ: Այդ մասին այսօր` հունիսի 15-ին լրագրողներին հայտնեց «Հայջրմուղկոյուղի» ՓԲԸ-ի գլխավոր տնօրեն Պատրիկ Լորենը:

Նշենք, որ այս ընկերությունը պատասխանատու է հանրապետության մոտ 300 համայքների ջրամատակարարման եւ ջրահեռացման աշխատանքների համար (դրանց մեջ չեն մտնում Երեւանը, Գյումրին, Վանաձորը եւ Արմավիրը):

SAUR-ը «Հայջրմուղկոյուղու» կառավարումը ստանձնել է 2004 թ.` 4 տարի ժամկետով, այնուհետեւ պայմանագիրը երկարաձգվել է մինչեւ 2011 թ. հոկտեմբեր:

Ըստ Պ. Լորենի` հայաստանյան մարզերում իրենք հասել են միջինը օրական 14 ժամ ջրամատակարարման` 2004 թ. 4 ժամվա համեմատ:

Ընկերությունը նախատեսում է մինչեւ 2016 թ. հասնել մինչեւ 18ժամյա ջրամատակարաման: Ըստ Պ Լորենի` հանրապետության ջրամատակարարման համակարգը իդեալական վիճակի բերելու համար առնվազն անհրաժեշտ է 1 մլրդ դոլար: Մինչ այսօր ներդրվել է 100 մլն դոլար, ընկերությունը հույս ունի կառավարության ջանքերի շնորհիվ ստանալ եւս 100 մլն դոլար:

«Հայջրմուղկոյուղին» ջրի մատակարարումն ու ջրահեռացումն իրականացնում է 179.78 դրամ սակագնով: Պ. Լորենի տեղեկացմամբ` սակագինը փոփոխելու վերաբերյալ հայտ չեն ներկայացրել Հանրային ծառայությունները կարգավորող հանձնաժողովին: