Աշոտ Մանուչարյանը բուռն աշուն է կանխատեսում եւ կոչ է անում վերանայել կյանքի գերակայությունները: Իր կարծիքը Մանուչարյանը հայտնել է հունիսի 15-ին կայացած մամուլի ասուլիսում:
Ասուլիսի մեծ մասը նվիրելով երկրի ներքաղաքական իրավիճակին` Մանուչարյանը կանխատեսել է քաղաքական իմաստով բուռն աշուն, նոր ուժերի ի հայտ գալու հնարավորություն եւ կառավարող «վերնախավի» մտածողության փոփոխության անհրաժեշտություն: Նա առանձնապես չի մանրամասնել նոր ուժերը, նշելով, որ որպես այդպիսին տեսնում է երիտասարդությանը, որ քննարկում է երկրի խնդիրներն ինտերնետում:
Նա քաղաքական ներկապնակում թարմ նոտա մտցնող ուժերի շարքում նշել է «Սարդարապատ» շարժմանը: Իսկ թե ինչ են իրենցից ներկայացնում «Ազատ դեմոկրատները», ցույց կտա ժամանակը:
Մանուչարյանը նաեւ սառեցված է որակել ընդդիմադիր Հայ ազգային կոնգրեսի եւ իշխանությունների միջեւ նախանշված երկխոսությունը: Ըստ նրա, գործընթացի կնքահայրը ԱՄՆ-ն էր, սակայն ինչ-ինչ պատճառներով գործընթացը դադարեցվեց:




























