2017 թվականին Երկրի կողքից անցած զանգվածեղ տիեզերական օբյեկտի ծագումը եւ նույնականությունը դեռեւս հանելուկ է մնում, հայտնում է BI-ը:
«Օումուամուա» օբյեկտը,- անվանումը հավայերենից թարգմանած նշանակում է «հետախույզ» կամ «բանագնաց»,- ճանապարհորդել է հետագծով, որը համոզիչ վկայում է, որ այն ժամանել է այլ աստղային համակարգից: Այն դարձել է առաջին միջաստղային օբյեկտը, որը եբեւէ հայտնաբերվել է:
Բայց ի՞նչ է դա: Մի քանի հետազոտողներ, այդ թվում Հարվարդի համալսարանից աստղագետ Ավի Լեբը, ենթադրում են, որ այս օբյեկտը այլմոլորակային տիեզերանավ էր: Մյուսները դա աստղակերպ են համարում կամ գուցե միջաստղային գիսաստղ:
American Geophysical Union ամսագրում հրապարակված հոդվածի հեղինակները, սակայն, այլ տեսություն են առաջարկում. «Օումուամուան» եղել է այլ արեգակնային համակարգի փոքր մոլորակի բեկոր: «Մենք, հավանաբար, լուծել ենք այն հանելուկը, թե ինչ է Օումուամուան, եւ այն կարող ենք նույնականացնել որպես այլ արեգակնային համակարգում Պլուտոնին նման «էկզո-Պլուտոնի» բեկոր»,- կարծում է Արիզոնա նահանգից աստղագետ եւ նոր հետազոտության համահեղինակ Սթիվեն Դեշը:
Դեշը եւ մյուս համահեղինակները կարծում են, որ կես միլիարդ տարի առաջ տիեզերական օբյեկտը բախվել է Օումուամուա մայր մոլորակին: Դա հանգեցրել է նրան, որ այն ընկել է մեր արեգակնային համակարգի մեջ:
Նրանց կարծիքով՝ հենց այն մոտեցել է արեգակին, Օումուամուան արագացել է, եւ արեւի լույսը գոլորշիացրել է նրա սառցե մարմինը: Գիսաստղերը նույն սխեմայով են շարժվում, որը հայտնի է որպես «հրթիռի էֆեկտ»:
Քանի որ Օումուամուայի բաղադրությունն անհայտ է, հետազոտողները հաշվարկել են, թե սառույցի որ տեսակներն են կարող կարծրից վերածվել գազակերպի, ինչը կարող է բացատրել Օումուամուայի հրթիռային էֆեկտը: Նրանք հանգել են այն եզրակացության, որ օբյեկտը, հավանաբար, կազմված էր ազոտային սառույցից, ինչպես Պլուտոնի եւ Նեպտունի արբանյակ Տրիտոնի մակերեւույթը:
Մեր արեգակնային համակարգին, հետեւաբար նաեւ արեգակին մոտենալուն զուգահեռ՝ Օումուամուան սկսել է շերտատել ազոտի սառեցված շերտերը: Հետազոտության հեղինակների խոսքով՝ օբյեկտը մեր արեգակնային համակարգ է մտել 1995 թվականին, չնայած այդ ժամանակ մենք դա չենք գիտակցել, այնուհետեւ կորցրել է զանգվածի 95 տոկոսը եւ վերածվել բեկորի:
Այն ժամանակ, երբ 2017 թվականին աստղագետները տեղյակ էին Օումուամուայի գոյության մասին, այն արդեն Երկրից հեռու էր թռչել ժամում 196 հազար մղոն արագությամբ: Այսպիսով, նրանք ընդամենը մի քանի շաբաթ ունեին՝ երկնաքերի չափերով տարօրինակ օբյեկտն ուսումնասիրելու համար: Երկրի վրա մի քանի հեռադիտակներ եւ տիեզերքում մեկը սահմանափակ դիտարկումներ են կատարել, բայց աստղագետները չեն կարողացել այն ամբողջությամբ հետազոտել: «Օումուամուան» հիմա շատ հեռու է, որ գոյություն ունեցող տեխնոլոգիաներով հետագա դիտարկումներ անցկացվեն:
Հավաքած տեղեկությունների սահմանափակ բնույթը գիտնականներին հնարավորություն է տվել ենթադրելու, թե դա ինչ օբյեկտ է եւ որտեղից է հայտնվել: Օումուամուան սկզբում դասակարգել էին որպես գիսաստղ, բայց այն, կարծես թե, սառույցից չէր եւ գիսաստղի նման գազ չէր արձակում:
Օումուամուայի պտույտը, արագությունը եւ հետագիծը չի կարելի բացատրել միայն տիեզերական ձգողականությամբ, ինչը հանգեցրել է այն մտքին, որ դա աստղակերպ չէ: Իսկ օբյեկտի ձեւը եւ պրոֆիլը՝ մոտ քառորդ մղոն երկարությամբ, բայց ընդամենը 114 ֆուտ լայնությամբ, չեն համապատասխանում նախկինում հետազոտված ոչ մի գիսաստղի կամ աստղակերպի:
Նոր հետազոտության հեղինակների կարծիքով, սակայն, Օումուամուայի սառեցված ազոտային բաղադրությունը կարող է բացատրել այդ ձեւը: «Ազոտային սառույցի արտաքին շերտերի գոլոշիացմանը զուգահեռ՝ մարմնի ձեւը դարձել է ավելի հարթ, ինչպես օճառի կտորը, երբ արտաքին շերտերը մաշվում են օգտագործման ընթացքում»,- ասել է մեկ այլ հետազոտության համահեղինակ Ալան Ջեքսոնը:





























