Վերջին 5,5 տարվա ընթացքում վերելակների պատճառով գրանցվել է 4 դժբախտ դեպք: Այս մասին այսօր` հունիսի 16-ին, լրագրողների հետ հանդիպմանն ասաց ՀՀ արտակարգ իրավիճակների նախարարության տեխնիկական անվտանգության ազգային կենտրոնի տնօրեն Աշոտ Պետրոսյանը: Նրա հրապարակած տվյալը լրագրողների շրջանում զարմանք առաջացրեց, քանի որ միայն վերջին երկու ամիսների ընթացքում վերելակների հետ կապված երկու դեպք է գրանցվել` Չարբախի հացի գործարանում եւ Եզնիկ Կողբացի փողոցում: «Ես խոսում եմ բնակֆոբդի մասին, դուք խոսում եք Չարբախի կալբասի ցեխի մասին»,- ասաց Աշոտ Պետրոսյանը:
Իրսկ վերելակների, ճոպանուղիների, շարժասանդուղքների, կարուսելների տեխանվտանգության փորձաքննության բաժնի գլխավոր փորձագետ Լուսինե Հովհաննիսյանն էլ վերելակների հետ կապված դժբախտ դեպքերի համար մեղադրեց հենց բնակիչներին: «Ավելի լավ է 1-2 ժամ մնալ խցիկում փակված, քան սխալ ինքնաէվակուացիայի դեպքում հանգեցնել նման դեպքերի»,- ասաց նա: Նրա խոսքով` Չարբախի հացի գործարանում դեպքը տեղի է ունեցել ոչ արտադրական վտանգավոր օբյեկտ վերելակի հետ կապված: Հորանով վերելակը ապամոնտաժված վիճակում է, բնականաբար, նրա խոսքով` դժբախտ դեպքը վերելակի հետ կապված չէ:
Այնուհետեւ անդրադառնալով հունիսի 6-ին Եզնիկ Կողբացի 3ա շենքում 8-ամյա Էդգար Հարությունյանի վերելակի հորանն ընկնելու փաստին, Լուսինե Հովհաննիսյանը նշեց, որ այդ վերելակը 2010թ սեպտեմբերին անցել է ամենամյա տեխանվտանգության փորձաքննություն, ստացել դրական եզրակացություն (՞):
«Վերելակն այս պահին չի շահագործվում, հանձնաժողովի պահանջով վերելակում իրականացվել է արտահերթ փորձաքննություն, որի արդյունքներից հետո պարզ կլինի` վերելակը կշահագործվի՞, թե` ոչ»,- ասաց նա:
Լուսինե Հովհաննիսյանն ասաց, որ նախեւառաջ 8 տարեկան երեխան միայնակ, առանց մեծահասակների ուղեկցությամբ իրավունք չունի վերելակից օգտվել: Միեւնույն ժամանակ չեն կարող ասել, որ վերելակը գտնվում է այնպիսի խափանված վիճակում, որի պատճառով տեղի է ունեցել նման դժբախտ դեպքը: Լուսինե Հովհաննիսյանը նաեւ նշեց, որ 8 տարեկան երեխան փորձել է կատարել ինքնէվակուցում, ինչը սխալ է «Այսինքն` երբ նա կանչել է վերելակը 10-րդ հարկում եւ չի եկել, ամեն հարկում իջնելով, կանչել է, տեսել է, որ հորանի դռները մի փոքր բացված են, մոտեցրել է փեղկերին, սեղմել կանչի կոճակը, մտել է վերելակ: Մի քանի անգամ սեղմել է տարբեր հարկերի կոճակներ, այս ամբողջը ասում եմ երեխայի բացատրության հիման վրա: Վերելակը բարձրացել է 5-6-րդ հարկերի արանքում լռվել մնացել, թե ինչից` չեմ կարող ասել: Մնալով 5-6-րդ հարկերի արանքում երեխան փորձել է բացել եւ խցիկի, եւ հորանի դուռը, եւ կատարել ինքնաէվակուացիա: Սակայն չկարողանալ պահել հավասարակշռությունը` ընկել է հորը»,- պատմեց նա:
Հատկանշական է, որ ըստ Լ. Հովհաննիսյանի, երեխան վերելակի հորանն է ընկել 5-րդ հարկից, մինչդեռ դեպքի վայրում գտնվող Գագիկ Շամշյանը հայտնել էր, որ երեխան վերելակի հորն է ընկել 10-րդ հարկից:
Ավելի վաղ NEWS.am-ը հայտնել էր, որ հունիսի 6-ի երեկոյան Եզնիկ Կողբացի 3ա շենքում 8-ամյա Էդգար Հարությունյանն ընկել էր վերելակի հորանը: Երեխան 10-րդ հարկում վերելակ էր կանչել, դռները բացվել էին, սակայն նա չէր նկատել, որ վերելակը չկա, եւ ընկել էր հորը` ընդհուպ մինչեւ առաջին հարկ: Էդգարին վերելակի հորից հանել էին հայրն ու օգնության հասած հարեւանները: Երեխան հիվանդանոց էր տեղափոխվել մարմնի տարբեր մասերի կոտրվածքներով:




























