Մոմե արձանների թանգարանը ստիպված էր հեռացնել նախկին նախագահ Դոնալդ Թրամփի արձանը, քանի որ այցելուները հարձակվում էին դրա վրա, հայտնում է San Antonio Express-News-ը:

Տեխասի Սան Անտոնիո քաղաքի Լուի Տյուսոյի մոմե արձանների թանգարանի այցելուներն այնքան անգամներ են հարվածել եւ քերծել Թրամփի մոմե արձանը, որ թանգարանի համադրողները որոշել են այն հեռացնել հասարակության տեսադաշտից:

Ripley Entertainment-ի տարածաշրջանային մենեջեր Քլեյ Ստյուարտն ասել է, որ անցած ամռանն այցելուների հարձակումները Թրամփի արձանի վրա ավելացել էին, քանի որ թափ էր հավաքում 2020-ի նախագահական քարոզարշավը: Նախկին նախագահների, այդ թվում՝ Ջորջ Բուշի եւ Բարաք Օբամայի արձանները նախկինում եւս վանդալիզմի են ենթարկվել:

Վերջին տարիներին Թրամփի մյուս մոմե արձաններն էլ ավելի տխուր ճակատագրի են արժանացել: Անցյալ հոկտեմբերին Բեռլինի Մադամ Տյուսոյի թանգարանը նախագահական ընտրություններին ընդառաջ աղբարկղի մեջ էր տեղադրել նախկին նախագահի մոմե արձանը:

Աղբարկղի վրա գրված էր՝ «Թրամփ, Ամերիկան ​​կրկին հզոր դարձրու», ինչպես նաեւ՝ նախագահի սիրելի արտահայտությունները, այդ թվում՝ «Կեղծ լուրեր» եւ «Դուք հեռացված եք»:

Թանգարանի մարկետինգի ղեկավար Օրիքդե Յալսինդաղը ասել էր, որ աղբարկղն արտացոլում էր իրենց կանխատեսումներն ԱՄՆ ընտրությունների արդյունքների վերաբերյալ, որոնք Թրամփը տանուլ տվեց: «Մենք այստեղ՝ Մադամ Տյուսոյի թանգարանում Բեռլինում, հեռացրել ենք Դոնալդ Թրամփի մոմե արձանը որպես նախապատրաստական ​​միջոց»,- ասել էր Յալսինդաղը: