Շուկայում գերիշխող դիրք ձեռք բերելով` հնարավոր է, որ տնտեսվարողները լրջորեն չարաշահեն իրենց դիրքը: Հայաստանում նման օրինակները եզակի չեն, եւ այդ գործելակերպերի դեմ արդյունավետորեն պայքարելու համար կարեւոր է պատասխանել հետեւյալ հարցերին. ինչպես գնահատել՝ արդյոք տնտեսվարողը տվյալ շուկայում գերիշխող դիրք է գրավո՞ւմ, թե` ոչ, արդյոք այդ վարքագիծը համարվո՞ւմ է չարաշահում, թե ոչ, որոնք են չարաշահման դրսեւորումները եւ որոնք կարող  են հանդիսանալ ‹‹բարձր›› գների պատճառները:

Այս խնդիրների վերաբերյալ հունիսի 17-ին Երեւանում հանդես կգան ԵՄ անդամ երկրների փորձագետները: Մասնավորապես, կներկայացվի գերիշխող դիրքի չարաշահման գործ՝ սուրճի շուկայում:

ԵՄ Թվինինգ ծրագրի շրջանակում Հայաստան ժամանած ԵՄ անդամ երկրների փորձագետներն առավոտյան` առաջին սեմինարում կներկայացնեն նաեւ միջազգային փորձը հակամրցակցային համաձայնությունների եւ դրանց դեմ պայքարի ազդեցության վերաբերյալ:

Օրվա երկրորդ կեսին` ԵՄ անդամ երկրների փորձագետները կներկայացնեն պետական օժանդակության սկզբունքները, մասնավորապես, թե ինչու է պետական օժանդակության վերահսկողությունը կարեւոր Հայաստանի համար միջազգային տեսանկյունից եւ, ի վերջո, սպառողների համար:

Մասնակիցները հնարավորություն կունենան հարցեր ուղղել լիտվացի եւ գերմանացի փորձագետներին՝ ներկայացվող խնդիրների վերաբերյալ:

Տեղեկացնենք, որ մրցակցությանն ու պետական օժանդակությանն առնչվող  Թվինինգ ծրագիրն իրականացում է ՀՀ տնտեսական մրցակցության պաշտպանության պետական հանձնաժողովի եւ ԵՄ երկու անդամ պետությունների` Գերմանիայի Էկոնոմիկայի եւ տեխնոլոգիայի դաշնային նախարարության եւ Լիտվայի Հանրապետության մրցակցության խորհրդի հետ համատեղ՝  2011-2013 թվականներին: