Քաղաքակիրթ աշխարհում, ինչպես եւ Հայաստանում, պետական, կառավարչական հիմնարկների աշխատանքը մամուլի հետ կոորդինացնող պաշտոնյաների հաստիք գոյություն ունի, որոնք կոչվում են մամուլի խոսնակներ կամ քարտուղարներ: Նրանցից շատերը, ինչպես ցույց է տալիս լրագրողական փորձը, ոչ միայն դժկամությամբ են կատարում լրատվամիջոցին տեղեկություն տրամադրելու իրենց պարտականությունը, այլ աչքի են ընկնում կոպիտ, երբեմն` բարեկրթության սահմանները հատող վարքագծով: Լրագրողները երբեմն անակնկալի են գալիս իրենց գործն անչափ կարեւորող մամլո խոսնակների վարքագծից, ովքեր ժամերով, օրերով կարող են սպասեցնել, ապա մեկ նախադասությամբ անհոդաբաշխ պատասխան տալ լրատվամիջոցին հուզող հարցին: 

NEWS.am-ը ի թիվս այլ մամուլի խոսնակների, երբեմն աշխատանքի բերումով ստիպված է լինում դիմել ՀՀ ԱԻՆ մամուլի քարտուղար Նիկոլայ Գրիգորյանին: Նա լրագրողական շրջանակներին հայտնի է իր ոչ ստանդարտ վարքագծով` երբեմն հեգնում է լրագրողի հարցը, երբեմն անհասկանալի հումորներ անում:

Նրան զանգելու հերթական առիթն այսօր էր` հունիսի 16-ին. Գրիգորյանը չէր պատասխանում մեր զանգերին: Քիչ անց նա զանգահարեց խմբագրության հեռախոսահամարին եւ հայտարարեց. «Լսում եմ»: Ու մինչ կկողմնորոշվեինք, թո ով է «լսողը», նա ազդարարեց. «Նիկոլայն Գրիգորյանն է, ուշացաք, ցե»: Ասաց ու անջատեց հեռախոսը: 

 Ի դեպ, մի առիթով էլ, երբ NEWS.am-ը դիմել էր նույն Նիկոլայ Գրիգորյանին,  ուշագրավ երկխոսություն էր ծավալվել: Երբ զանգահարեցինք նրան, ասաց, որ զբաղված է, իրեն հանգիստ թողնենք ու ավելի ուշ զանգահարենք: Խոստացված ժամին զանգելով` NEWS.am-ի հարցին, թե «Ազատվեցի՞ք»: «Հա, ազատվեցի, տղա եմ ունեցել»,-իբր հումոր արեց Գրիգորյանը: