Ֆրանսիան Թուրքիային Եվրոպայի կարեւոր գործընկեր է համարում անվտանգության ու միգրացիայի ոլորտում եւ թուրքական ղեկավարության կողմից հարաբերությունների կարգավորմանն ուղղված ազդակներ է տեսնում: Այս մասին ասել է Ֆրանսիայի նախագահ Էմանուել Մակրոնը France 5 հեռուստաալիքի հետ հարցազրույցում:

«Եթե Եվրամիությունը խաղաղություն է ուզում, պետք է ստեղծի անվտանգության միասնական ճարտարապետություն, եւ դրա համար մենք պետք է Ռուսաստանի եւ Թուրքիայի հետ երկխոսություն կառուցենք երկարաժամկետ հեռանկարում, քանի որ նրանք մեծ տերություններ են,- հայտարարել է նա: - Եվ անչափ կարեւոր է թույլ չտալ, որ Թուրքիան եվրոպական շրջանակից դուրս գա, որպեսզի նրա ղեկավարությանը չդրդենք է՛լ ավելի մեծ ծայրահեղականության եւ աշխարհաքաղաքական լուծումների, որոնք կարող են հետագայում մեզ վնասել»:

Պետության ղեկավարը հայտարարել է, որ Թուրքիան ՆԱՏՕ-ում իրենց դաշնակիցն է, սակայն «անհրաժեշտ է պարզաբանել դաշինքում նրա տեղի հարցը»: «Դաշնակիցները սովորաբար փոխադարձ հարաբերություններում թույլ չեն տալիս շատ բաներ այն ամենից, ինչ արել է Թուրքիան»,- նշել է Մակրոնը՝ օրինակ բերելով Լիբիա վարձկանների եւ զենքի փոխադրումը, ինչպես նաեւ «Միջերկրական ծովի արեւելյան հատվածում ոչ բարեկամական գործողությունները»:

Ֆրանսիայի նախագահը միաժամանակ զգուշացրել է Անկարայի նկատմամբ չափից ավելի խիստ դիրքորոշում գրավելուց, քանի որ դա կարող է ապագայում նրան է՛լ ավելի հեռու հրել: Եվ սա հետեւանքներով է հղի միգրացիոն ճգնաժամի կարգավորման ժամանակ: