ԱՄՆ նախագահ Ջո Բայդենը նշել է Թուրքիայի, Հարավային Կովկասի, Արեւելյան Եվրոպայի ու Արեւմտյան Բալկանների հարցերով ԱՄՆ-ի եւ ԵՄ-ի համագործակցությունը շարունակելու անհրաժեշտությունը:

ԵՄ պետությունների եւ կառավարությունների ղեկավարների հետ վիրտուալ հանդիպմանը, որում նախագահում էր Եվրոպական խորհրդի նախագահ Շառլ Միշելը, ԱՄՆ նախագահը վերահաստատել է իր հանձնառությունը Միացյալ Նահանգների եւ Եվրամիության միջեւ հարաբերությունների ակտիվացմանը: Նրա խոսքով՝ ուժեղ ԵՄ-ն համապատասխանում է Միացյալ Նահանգների շահերին: Նա կոչ է արել սերտ համագործակցել ընդհանուր խնդիրների լուծման շուրջ, ներառյալ COVID-19-ի դեմ պայքարը, կլիմայի փոփոխության սպառնալիքի դեմ պայքարը, տնտեսական կապերի խորացումը եւ վարվելակարգի այնպիսի կանոնների ապահովումը, որ հաստատվում են ոչ թե ավտոկրատիայի, այլ ժողովրդավարության կողմից:

ԱՄՆ նախագահը նաեւ միասին աշխատելու ցանկություն է հայտնել ընդհանուր արտաքին քաղաքական շահերի շուրջ, ներառյալ Չինաստանը եւ Ռուսաստանը, հայտնել է Սպիտակ տան մամուլի ծառայությունը: