Երեւանի քաղաքապետարանում «Ժառանգություն» խմբակցության առաջարկով այսօր` հունիսի 17-ին քննարկվել է նախկին Շահումյանի անվան կոլտնտեսությանը պատկանած հողամասերի հարցը: Քննարկմանը մասնակցել են նախկին կոլտնտեսականների 5 ներկայացուցիչներ, «Ժառանգություն» խմբակցության ղեկավար Ստյոպա Սաֆարյանը, փոխքաղաքապետը, Երեւանի քաղաքապետարանի իրավաբանական բաժնի ու խնդրին առնչվող այլ վաչությունների պետեր, Երեւան քաղաքի Աջափնյակ վարչական շրջանի ղեկավարը:
Բանն այն է, որ դեռեւս 1991-ին այդ կոլտնտեսության լուծարումից հետո կոլտնտեսականներին խոստացել են այդ հողերն անհատույց հատկացնել նրանց, սակայն հետո սոսկ վարձակալության են տվել: Այդ հողերը վարձակալմամբ մարդիկ օգտագործում են 19 տարի: Սակայն հիմա, այդ հողերը հանվել են վաճառքի եւ նոր սեփականատերերը սկսել են մասնավոր շինարարություն իրականացնել այդտեղ` կտրելով պտղատու ծառեր եւ վտանգելով այգիների գոյությունն ընդհանրապես:
«Վարձակալներից այգիներն ամեն գնով խլելու այս տխրահռչակ գործընթացում բազմիցս հրդեհներ են բռնկվել այգիներում, ոռոգման համակարգն է վտանգվել, ինչը կոնֆլիկտային իրավիճակ է ստեղծել վարձակալների, թաղային իշխանության եւ սեփականատերերի միջեւ:
Միաժամանակ, հասարակության այդ խումբը ենթարկվել է խտրականության եւ չի օգտվել սեփականաշնորհման իր իրավունքից:
«Ժառանգությունը» հարցը նախկինում բարձրացրել էր նաեւ ՀՀ տարածքային կառավարման նախարարի, փոխվարչապետի առջեւ, իսկ վերջինս գրավոր հայտնել էր, որ այն, որպես Երեւան համայնքի իրավասության ներքո գտնվող խնդիր, պետք է քննարկվի քաղաքապետարանում, եւ իրենք պատրաստ են իրենց մասնակցությունը բերել խնդրի լուծմանը»,- ասված է «Ժառանգության» հաղորդագրության մեջ:
Քննարկելով այս հարցը, քաղաքապետարանի պաշտոնատար անձինք նշել են, որ ցանկանում են Կառավարության որոշմամբ այնպիսի լուծում տալ բարձրացված խնդրին, որով հնարավորություն կընձեռվի հողատարածքների վարձակալներին` դրանք ձեռք բերել կադաստրային արժեքով: Այդ նպատակով անհրաժեշտություն կառաջանա նաեւ դադարեցնել նշված հողատարածքները աճուրդով ձեռք բերած ընկերության սեփականության իրավունքը` նրան տրամադրելով այլ հողատարածք:
Քաղաքապետարանի ներկայացուցիչներն ու «Ժառանգություն» խմբակցության ղեկավարը պայմանավորվել են միասին եւ Կառավարության ներկայացուցիչների հետ աշխատել` խնդրին բոլոր կողմերի համար շահեկան լուծում տալու ուղղությամբ:




























