«Ամալյա Կոստանյանի անվան մրցանակի» դիզայնի համար «Թրանսփարենսի Ինթերնեշնլ» հակակոռուպցիոն կենտրոնը եւ «Բաց հասարակության հիմնադրամներ – Հայաստան» գրասենյակը մրցույթ են հայտարարել: Նշենք, որ Ամալյա Կոստանյանը 2000թ. հիմնադրել եւ 10 տարի շարունակ ղեկավարել է «Թրանսփարենսի Ինթերնեշնլ» հակակոռուպցիոն կենտրոնը, 2008-2010 թվականներին նա հանդիսացել է նաեւ «Բաց հասարակության հիմնադրամներ – Հայաստանի» խորհրդի նախագահը:

Մրցանակը լինելու է ամենամյա եւ շնորհվելու է Հայաստանում հակակոռուպցիոն գործունեության մեջ նշանակալի դերակատարում ունեցող եւ/կամ սկզբունքային, ազնիվ ու անշահախնդիր քաղաքացիական ակտիվություն ցուցաբերած անձանց/գործիչներին:

Մրցույթի հաղթող կճանաչվի այն ընկերությունը կամ անհատը, որը կներկայացնի մրցանակի տեխնիկական նկարագրին համապատասխանող լավագույն դիզայնը: Մասնավորապես, մրցանակի նյութը պետք է լինի թափանցիկ, գույնը` անգույն, չափերը (լայնություն, խորություն, բարձրություն)` մինչեւ 30 սմ: Մրցանակի վրա պետք է գրված լինի «Ամալյա Կոստանյանի անվան մրցանակ – 2011»:

Հաղթող ընկերությանը կամ անհատին կշնորհվի դրամական մրցանակ` 250 հազար դրամի չափով:

Մրցույթի կազմակերպիչները խնդրում են ուղարկել մրցանակի դիզայնի 1-3 օրինակ` եռաչափ 3D ֆորմատով, էլեկտրոնային տարբերակով` կից ներկայացնելով մանրամասները մրցանակի պատրաստման նյութի եւ չափերի վերաբերյալ [email protected] էլեկտրոնային հասցեին ոչ ուշ քան մինչեւ 2011թ. օգոստոսի 15-ը, ժամը 24:00-ը: