Երեւանի պետական համալսարանի մի խումբ ուսանողներ բաց նամակ են հղել երկրի նախագահ Սերժ Սարգսյանին, որտեղ բարձրաձայնում են ԵՊՀ ռեկտորի ընտրության հետ կապված բուհում ստեղծավծ բացասական մթնոլորտի մասին:

Նամակում, մասնավորապես, ասվում է.

«Մեծարգո պարոն նախագահ, հունիսի 21-ին Երեւանի պետական համալսարանում տեղի է ունենալու ռեկտորի ընտրություն: Մենք հեռու ենք այն մտքից, որ Դուք տեղյակ չեք, թե ինչ է կատարվում համալսարանում, ինչպիսի բարքեր են տիրում, ռեկտորն իր թիմակիցներով ինչպիսի բարոյահոգեբանական մթնոլորտ է ստեղծել Մայր բուհում: Այնուամենայնիվ, որոշել ենք դիմել Ձեզ եւ մեկ անգամ եւս Ձեր ուշադրությունը հրավիրել ստեղծված իրավիճակի վրա:

Ռեկտորի պաշտոնակատար Արամ Սիմոնյանը ցանկացած շրջապատում խոսում է այն մասին, որ Դուք եք իր հովանավորը եւ Ձեր իսկ ցանկությամբ է նա առաջադրվել: Եվ իր խոսքերի ապացույց է ծառայեցնում այն հանգամանքը, որ միակ առաջադրված թեկնածուն է,  միայն իրեն է հաջողվել «դաբրո» կորզել Ձեզանից:

Խնդրում ենք Ձեզ կանխել համալսարանի գահավիժումը, կասեցնել Արամ Սիմոնյանի եւ գլխավոր ինժեներ Արմեն Հարությունյանի տնտեսական ասպատակությունը, կասեցնել առաջին պրոռեկտոր հորջորջվող Ալեքսանդր Գրիգորյանի հանցավոր ուսումնական քաղաքականությունը:

Մեծարգո պարոն նախագահ, Դուք պատասխանատվություն եք կրում երկրի եւ համալսարանի ապագայի համար: Հենվեք համալսարանի առողջ, չկոռումպացված հատվածի վրա, դուրս բերեք Մայր բուհը անդունդից, հակառակ դեպքում Ձեր խղճին է մնալու սերնդի այլադակումը»: