Իրանի միջուկային ծրագրի վերաբերյալ Գործողությունների համատեղ համապարփակ ծրագրին (ԳՀՀԾ) մասնակցող երկրները (Գերմանիա, Ֆրանսիա, Մեծ Բրիտանիա, Չինաստան, Ռուսաստան, Իրան) խոստացել են համատեղ ջանքերով աջակցել Միացյալ Նահանգներին վերադառնալ այս համաձայնագրին: Այս մասին ասվում է ԵՄ արտաքին քաղաքական ծառայության կողմից ուրբաթ օրը տարածված հայտարարության մեջ, որը կայացել է ԳՀՀԾ համատեղ հանձնաժողովի՝ քաղաքական տնօրենների մակարդակով առցանց ձեւաչափով հանդիպումից հետո, հաղորդում է ՏԱՍՍ-ը:

Մասնակիցները հաստատել են ԳՀՀԾ-ին ԱՄՆ-ի ամբողջական վերադարձի հեռանկարը եւ ընդգծել են համատեղ ջանքերով այս գործընթացի վրա դրական ազդեցություն ունենալու պատրաստակամությունը: ԵՄ արտաքին ծառայությունը, որը նախագահում է համաձայնագրի անդամների հանդիպումներում, նույնպես հայտարարել է առաջիկա օրերին «համաձայնագրի կողմերի եւ ԱՄՆ-ի հետ երկկողմ շփումների ակտիվացման» մտադրության մասին:

Հայտարարության մեջ նշվում է նաեւ, որ Համատեղ հանձնաժողովի հաջորդ նիստը տեղի կունենա Վիեննայում, եւ այն կքննարկի միջուկային գործարքի երկու հիմնական տարրերի` Իրանի դեմ պատժամիջոցների վերացման գործընթացի եւ Թեհրանի միջուկային պարտավորությունների կատարման գործընթացի վերաբերյալ հատուկ միջոցառումները:

«Մասնակիցները պայմանավորվել են հաջորդ շաբաթ Վիեննայում ԳՀՀԾ-ի համատեղ հանձնաժողովի նիստում վերսկսել բանակցությունների այս նստաշրջանը` համաձայնագրի իրագործման միջոցառումները, ներառյալ պատժամիջոցների վերացումը եւ միջուկային պարտավորությունների իրականացումը հստակ սահմանելու համար, ներառյալ` գումարելով համապատասխան փորձագիտական խմբերի հանդիպումներ»,- ասված է հայտարարության մեջ։