«Իշխանության եւ ընդդիմության երկխոսության արդյունքում, ինչպիսին էլ այն լինի, ավազակապետությունը չի կազմաքանդվի, ժողովրդավարություն չի հաստատվի, օլիգոպոլիաները չեն վերանա, կոռուպցիան չի նվազի, սոցիալ-տնտեսական իրավիճակը չի շտկվի: Չափից դուրս լավատեսական սպասումները նույնքան վտանգավոր են, որքան «սեւ» անհավատությունը: Այդ գործընթացը կարող է բերել արտահերթ կամ հերթական ընտրությունների: Դժվար թե Հայաստանի քաղաքացիների կյանքի իմաստը եւ ամենագլխավոր ձգտումը արտահերթ ընտրություններն են: Բայց մեր հասարակության զարգացած մասը հասկանում է, որ եթե ընտրությունների արդյունքները գոնե որոշ չափով արժանահավատ եւ վստահելի լինեն, դա կլինի մեծ առաջընթաց քայլ, որը մեր երկրի առաջ նոր հեռանկարներ կբացի:
Ենթադրում եմ, որ Լեւոն Տեր-Պետրոսյանն ու Սերժ Սարգսյանը դրանում շահագրգռված են, իսկ Թոխմախի Մհերը, նրա նմանները, ինչպես նաեւ ՀԱԿ-ի «ոչ ադեկվատ» մասը` ոչ: Ես լինեի երկխոսող-բանակցողների տեղը, կկենտրոնանայի արդար ընտրությունների խնդրի վրա. այստեղ կարելի է պայմանավորվել բազմաթիվ մեխանիզմների մասին` հաշվի առնելով նաեւ ինտերնետի եւ, մասնավորապես, օnline հեռարձակման հնարավորությունները: Մենք այսօր ռեալ հնարավորություն ունենք ձեւավորելու քիչ թե շատ լեգիտիմ իշխանություն: Եթե այդպես լինի, այլեւս երկրորդական հարց կդառնա, թե որ քաղաքական ուժն է մեծամասնություն կազմելու խորհրդարանում եւ ով է զբաղեցնելու նախագահի աթոռը»,-իր խմբագրականում գրում է «Առավոտ» օրաթերթը:
Հրապարակման հետագա տողերում կարդում ենք. «Հուսով եմ, որ իշխանությունն ու ընդդիմությունը ժամանակ չեն ծախսի մանր-մունր խնդիրների վրա` որտեղ, ժամը քանիսին, քանի հոգով հանդիպեն ու այլն: Մանկապարտեզ չի: Եւ մի հարց էլ. Կոնգրեսի քննադատներից ոմանք ասում են, որ ընդդիմության նպատակներից մեկն այն է, որ նախագահ Սարգսյանը ներքին ճակատում դուրս գա խոցելի վիճակից եւ ղարաբաղյան բանակցություններին գնա «լավ խաղաքարտերով»:




























