Մահացել է Մ. Վ. Լոմոնոսովի անվան պետական համալսարանի պրոֆեսոր, բույսերի վիրուսների մոլեկուլյար կենսաբանության հիմնադիր Իոսիֆ Աթաբեկովը, հաղորդում է «ՌԻԱ Նովոստի»-ն՝ հղում անելով համալսարանի մամուլի ծառայությանը:

«Ծանր եւ երկարատեւ հիվանդությունից հետո ապրիլի 7-ին կյանքից հեռացել է ականավոր գիտնական Իոսիֆ Գրիգորեւիչ Աթաբեկովը: Նրա անվան, բազմամյա հետազոտական եւ մանկավարժական գործունեության հետ իրավամբ կապում են գիտական մտքի հեռանկարային նոր ուղղությունների զարգացումը, հեղինակավոր դպրոցի ձեւավորումը, որը դաստիարակում է տաղանդավոր վիրուսաբանների՝ գիտնականների եւ պրակտիկանտների: Բոլոր նրանք, ովքեր բախտ են ունեցել սովորել Ի. Գ. Աթաբեկովի մոտ, նրա հանդեպ հարգանք եւ երախտագիտություն են տածում»,-ասվում է հաղորդագրության մեջ:

Աթաբեկովը պետական մրցանակի երկակի դափնեկիր էր եւ պարգեւատրվել էր մեդալներով եւ շքանշաններով: