ՀՀ գիտությունների ազգային ակադեմիայի նախագահությունում ապրիլի 7-ին տեղի է ունեցել հանդիպում ՀՀ նախագահ Արմեն Սարգսյանի հետ, որի ընթացքում քննարկվել է «Բարձրագույն կրթության եւ գիտության մասին» ՀՀ օրենքը, որը ընդունվել է ՀՀ ԱԺ-ի կողմից 24.03.2021թ.: Այս մասին NEWS.am-ին հայտնում են ԳԱԱ-ից։
Հիշեցնենք, որ ՀՀ ԳԱԱ կոլեկտիվը Երեւանի պետական համալսարանի հետ համատեղ հանդես է եկել հայտարարությամբ, որում, մասնավորապես, նշված է.
«Հաշվի առնելով արձանագրված խնդիրների կարեւորությունը, oրենքի՝ Սահամանադրության հետ ունեցած առերույթ անհամապատասխանությունները եւ դրանց գործնական կիրարկման ընթացքում կրթության եւ գիտության համար առաջացող հնարավոր բացասական հետեւանքները՝ կոչ ենք անում Հանրապետության նախագահին չստորագրել oրենքը եւ դիմել Սահմանադրական դատարան՝ oրենքի առանձին դրույթների Սահմանադրության հետ համապատասխանության հարցը պարզելու նպատակով»։
Հանդիպման ընթացքում ՀՀ ԳԱԱ նախագահ Ռադիկ Մարտիրոսյանը ներկայացրեց օրենքի հետ կապված հիմնական խնդիրները։ «Օրենքի դրույթները հիմնականում վերաբերվում են բարձրագույն կրթությանը, մինչդեռ գիտական եւ գիտատեխնիկական գործունեությանը վերաբերվող դրույթները սակավաթիվ են, ոչ կոնկրետ եւ հպանցիկ: Հստակ բացահայտված չեն բարձրագույն կրթության եւ գիտության ոլորտների միասնական արդյունավետ համակարգի ստեղծման գործընթացի ուղիներն ու մեխանիզմները:
Գիտական կազմակերպությունները դառնում են ինքնուրույն կառույցներ Ակադեմիայից դուրս առանձին կառավարման մարմիններով (հոդված 26), ուստի վերանում է երկրում հիմնարար եւ կիրառական գիտությունների զարգացման ապահովման եւ համակարգման առանցքային գործառույթը:
Փաստորեն, oրենքով նախատեսվում է տասնամյակների ընթացքում ձեւավորված եւ կայացած ՀՀ ԳԱԱ, համակարգի լուծարումը (Հոդված 26, Հոդված 39, կետ 12), ինչը հիմնավորված եւ մեկնաբանված չէ», - նշեց Ռադիկ Մարտիրոսյանը:
Գիտնականներն իրենց ելույթներում ուշադրություն հրավիրեցին գիտության զարգացման համար ծանր հետեւանքների վրա, ինչպիսիք են գիտական դպրոցների կազմաքանդումը, խնդիրներ, կապված միջկարգային հետազոտությունների համակարգման, այլ երկրների հետ համատեղ ծրագրերի շրջանակներում ուսումնասիրությունների համակարգման հետ եւ գիտահետազոտական կազմակերպությունների համար լիակատար անորոշությունը։ Հատուկ ընդգծվեց օրենքի հիմնավորումը գիտական ինստիտուտների իբրեւ թե անկախ չլինելու մասին։
ԳԱԱ նախագահ Ռադիկ Մարտիրոսյանն ընդգծեց, որ դեռ նախագծի փուլում՝ 2020թ. օրենքի քննարկումից հետո, ԳԱԱ բոլոր ինստիտուտներում անցկացվել են ժողովներ, որոնցում գիտնականների 87%-ը կողմ է եղել ակադեմիայի համակարգում մնալուն։ Նշվեց, որ փաստացի նոր օրենքը լուծում է միայն կառավարման խնդիր, բայց չի լուծում գիտության եւ կրթության զարգացման հարցերը։
Խոսելով լուծումների մասին՝ Արմեն Սարգսյանը ասաց, որ ինքը վետոյի իրավունք չունի, սակայն կա նոր օրենքը ստորագրելու կամ չստորագրելու իրավունք։





























