Այն շուկաներում, որտեղ ծավալվում ենք` մեր հիմնական մրցակիցը թուրքական ապրանքներն են: Այդ մասին այսօր` հունիսի 20-ին լրագրողների հետ հանդիպման ժամանակ ասաց «Տոսպ» տրիկոտաժի ֆաբրիկայի տնօրեն Սուրեն Բեկիրսկին: Լուրջ մրցակիցներ են դիտվում նաեւ հարավ-արեւելյան Ասիայի երկրները` Բանգլադեշ, Ինդոնեզիա եւ այլն: Ինչ վերաբերում է Չինաստանին, ապա Ս. Բեկիրսկու կարծիքով` այն «մեծ ու ծանր է», ու հայկական տրիկոտաժի համար հիմնական մրցակից չի համարվում:

Նշենք, որ «Տոսպը» ունի 135 աշխատատեղ, 2010 թ. արտադրել է մոտ 156 մլն դրամի արտադրանք (մոտ 420 հազ. դոլար): 2011 թ. առաջին կիսամյակում ընկերության արտադրանքի ծավալները էապես աճել են` մոտ 370 տոկոսով: Դրան նպաստել է ինչպես հայկական դրամի չափավոր արժեզրկումը, այնպես էլ թուրքական տրիկոտաժի ներմուծման հետ կապված խնդիրները: Ի դեպ` թուրքական ապրանքները խնդիրներ ունեն նաեւ ռուսական շուկա մտնելիս: Ըստ Բեկիրսկիի` ռուսները խստացրել են մաքսային հսկողությունը, որի պատճառով կրճատվել է թուրքական ու չինական ապրանքների «սեւ հոսքն» այդ երկիր: «Տեղափոխվելով սպիտակ դաշտ` թուրքական ապրանքների գները բարձրանում են, իսկ այդ պարագայում մեր արտադրանքը դառնում է գնային առումով ավելի մրցունակ»,- NEWS.am-ին ասաց Ս. Բեկիրսկին: