Մետաղապլաստե եւ պոլիմերային խողովակներ արտադրող «Նյուպլաստ» ընկերությունը զգում է պետության աջակցությունը` արտաքին շուկաներում գովազդային արշավներ կազմակերպելու համար: Այդ մասին այսօր` հունիսի 20-ին գործարանի տարածքում շրջայց կատարող էկոնոմիկայի նախարար Տիգրան Դավթյանին ուղեկցող լրագրողներին ասաց «Նյուպլաստի» առեւտրային ներկայացուցիչ Հովհաննես Ազիզյանը:

Նշենք, որ «Նյուպլաստի» արտադրանքի մոտ 20 տոկոսը արտահանվում է Վրաստան եւ Ռուսաստան: Այդ շուկաներում թուրքական ընկերությունները հզոր գովազդային արշավ են իրականացնում, իսկ հայկական ընկերությունը, ըստ Ազիզյանի, նման հնարավորությունից զուրկ է: Սակայն «Նյոպլաստի» ներկայացուցիչն այդպես էլ չպարզաբանեց, թե հատկապես ինչ ձեւով պետք է արտահայտվի կառավարության օգնությունը:

Ըստ էկոնոմիկայի նախարար Տիգրան Դավթյանի` նման ընկերություններն ի վիճակի են ինքնուրույն լուծել իրենց խնդիրները: Ինչ վերաբերում է պետական աջակցությանը, ապա ըստ նախարարի` այն կարող է արտահայտվել սերտիֆիկացման եւ լաբորատոր ծառայությունների տրամադրման միջոցով: