Վրաստանի դատախազությունը պահանջել է փոխել Վրաստանի սահմանային ոստիկանության նախկին ղեկավար Բադրի Բիցաձեի հանդեպ խափանման միջոցը։
«Վրաստանի դատախազությունը միջնորդությամբ դիմել է դատարան, որպեսզի Բադրի Բիցաձեի հանդեպ խափանման միջոց ընտրվի կալանքը»,- ասված է դատախազության հաղորդագրության մեջ, հայտնում է «Նովոստի Գրուզիան»։
Դատախազությունը նշում է, որ 2011 թվականի մայիսի 31-ին միջնորդել էր խափանման միջոց ընտրել գրավի դիմաց բնակության վայրից չբացակայելը։
Թբիլիսիի քաղաքային դատարանը Բադրի Բիցաձեի համար գրավի չափ էր սահմանել 100 հազար լարին (շուրջ 60 հազար դոլար)։ Դատարանը վճռել էր, որ գրավը պետք է վճարվեր յոթ օրվա ընթացքում, սակայն գումարն այդպես էլ չէր վճարվել։
Նշենք, որ վրացական «Ռեզոնանսի» պարբերականը հայտնել էր, որ Բադրի Բիցաձեն թաքնվում է Հայաստանում: Սակայն ինչպես NEWS.am-ի թղթակցի հետ զրույցում հայտարարել էին իրազեկ աղբյուրները, հայ-վրացական սահմանը Բադրի Բիցաձե անուն-ազգանունով անձ չի հատել։
Վրաստանում Բիցաձեին մեղադրում են իշխանությունների դեմ զինված դիմադրություն նախապատրաստելու եւ զանգվածային անկարգություններ կազմակերպելու մեջ։




























