Շիրակի մարզի բնակիչների մեծ մասը հանգստի կազմակերպման համար նախընտրում է Սեւանը, որտեղ մեկ անձի հանգստի համար պահանջվող գումարը 20-25 հազար դրամ է: Սակայն Շիրակի մարզից Հայաստանում ակտիվ հանգստի գոտիներ համարվող  Ծաղկաձոր, Ջերմուկ, Աղվերան, Դիլիջան մեկնողները քիչ են: 

Գյումրիում գործող «Էըր տրանս տուր» գործակալության տնօրեն Արսեն Ղազարյանը NEWS am-ի թղթակցին է ներկայացրել կենտրոնի ուսումնասիրությունները` նշելով, որ հաճախ ավելի հարմար ու էժան է արտերկիր հանգստի մեկնելը, քան հանգիստը հայաստանյան որեէ հանգստավայրում կազմակերպելը:

«Չորս հոգանոց ընտանիքի համար Սեւանում մեկշաբաթյա  հանգիստն արժե մոտ 1000 դոլար: Հայաստանից Բաթում  մեկնելը եւ մեկշաբաթյա հանգիստ անցկացնելը նույն չորսհոգանոց ընտանիքի համար ավելի էժան է նստում»,-ասաց Ղազարյանը:

Նա նաեւ իր փորձը ներկայացրեց, ասելով. «Անցյալ տարի մեկնեցինք Սեւան, որտեղ մեկ տնակի դիմաց մեկ օրվա համար պահանջվում է 20 հազար դրամ, բեսեդկան` սեղանը 5000 դրամ: Անգամ մեքենայի կայանման համար սահմանված գին կա` 3 հազար դրամ»,-նշեց NEWS.am-ի զրուցակիցը:

Մինչդեռ Բաթումիում, ըստ նրա, ծառայություններն ավելի մատչելի են, ինչն էլ գրավում է զբոսաշրջիկներին: «Արդյունքում ստացվում է, որ Հայաստանը հայերին չի հրապուրում, եւ ֆինանսական միջոցների արտահոսք է տեղի ունենում հարեւան Վրաստան: Միեւնույն ժամանակ Հայաստանը հանգստյան գոտիներով ու մատուցվող ծառայություններով, այնքան էլ չի գրավում  զբոսաշրջիկներին»,-ասաց Ղազարյանը` հավելելով, որ հայաստանյան հանգստավայրերը նախընտրելի  են հիմնականում Ռուսաստանում բնակվող հայերի համար: