Մետրոյի սակագնի կրկնակի թանկացումը դժգոհության ալիք է բարձրացրել տրանսպորտային  այդ տեսակից օգտվող երեւանցիների շրջանում։ NEWS.am-ի թղթակցի փոքրիկ հարցախույզը ցույց տվեց, որ նորությունը հիասթափեցրել է մեր համաքաղաքացիներին, ովքեր սկսել են լրջորեն մտածել՝ արժե՞ այսուհետ եւս օգտվել քիչ թե շատ հասանելի տրանսպորտային միջոց համարվող այդ փոխադրամիջոցից։

Մասնագիտությամբ ուսուցչուհի Աննան, ով ամեն օր երթեւեկում է մետրոյով, նկատեց, որ մետրոյի սակագնի կրկնակի թանկացման՝ 100 դրամ դառնալու պարագայում ինքն, ամենայն հավանականությամբ, կգերադասի երթեւեկել վերգետնյա տրոնսպորտով, քանի որ մետրոն կդադարի մատչելի, այլընտրանքային փոխադրամիջոց լինել:

«Ավելին, ստիպված չեմ լինի ժամանակ ծախսել մետրոյի կայարան իջնելու, 4-5 րոպե մետրոյի գնացքին սպասելու վրա, այլ նույն սակագնի պայմաներում կկանգնեմ մոտակա կանգառում եւ կերթեւեկեմ ավտոբուսներով կամ երթուղային տաքսիներով»,- բացատրեց նա՝ կես կատակ-կես լուրջ ավելացնելով, որ մետրոյի միակ առավելությունը ամռան տապին զով լինելն է։

20-ամյա Ինգան էլ նշեց, որ մետրոյի սակագնի բարձրացման դեմ տեղեկանալուց անմիջապես հետո ինքն ու իր ըներները Facebook սոցիալական ցանցում «Մենք դեմ ենք մետրոյի սակագնի թանկացմանը» խորագրով նախաձեռնություն են հիմնել, որի անդամներն իրենց դժգոհությունն են հայտնում նման որոշման դեմ։ «Կարծում եմ, որ մի երկրում, ուր աղքատությունը վիթխարի ծավալների է հասնում, մետրոյի սակագինը 50-ից 100 դրամ չպետք է հասցվեր։

Բացի այդ, խիստ կասկածում եմ, որ այսկերպ հնարավոր կլինի լուծել վերգետնյա տրանսպորտի ծանրաբեռնվածության հարցը, ավելին, մարդիկ այսեւհետ էլ՝ համեմատելու տեղ չունենալով, կընտրեն երթուղային տաքսիները»,- իր վրդովմունք արտահայտեց Ինգանն։

Վարսահարդար Արմանն իր հերթին նկատեց, որ թեպետ մետրոյի սակագնի թանկացումն անսպսելի չէր եւ այդ մասին խոսակցությունները շրջանառվում էին դեռ ամիսներ առաջ, սակայն լավ կլիներ, որ նոր որոշմանը զուգահեռ գոնե մետրոյի նոր կայարաններ եւ շարժակազմ ավելացվեին։ «Ինչ վերաբերում է սակագնին ավելացմանը, ապա ինձ համար դա այնքան էլ զգալի դժվարոթյուններ չի ստեղծի, սակայն կգտնվեն մարդիկ, ում գրպանին դա իրոք, կհարվածի»,- ասաց նա։

Իսկ ահա ուսանող Ստեփանը տեսակետ հայտնեց, որ եթե մետրոյի սակագնի կրկնակի բարձրացումը տեղի ունենար սեպտեմբերին, ապա ուսանողների բունտն անխուսափելի կլիներ։

«Նման որոշում դիտմամբ է այս պահին կայացվել, որպեսզի ուսանողական պասիվ շրջանում հնարավոր լինի խուսափել անհարկի դժգոհություններից»,- համոզմունք հայտնեց երիտասարդը՝ ավելացնելով, որ մետրոն դադարում է հասարակության լայն զանգվածների համար հասանելի փոխադրամիջոց լինել։

Նշենք, որ Հուլիս 1-ից մետրոպոլիտենի ուղեվարձը կդառնա 100 դրամ, ներկայիս 50 դրամի փոխարեն։