«Երկիրն» իր խմբագրականում գրում է. «Հայաստանյան քաղաքական դաշտի չկայացման ամենալուրջ պատճառներից մեկն էլ այն է, որ աղբն այնտեղ որակ է կազմում: Այս աղբակույտը ձեւավորում են ոչ միայն դաշտում հայտնված դուրսպրծուկները, այլեւ անդեմների եւ զոմբիների հսկայական զանգվածը, այն քաղաքական ուժերն ու գործիչները, որոնք չունենալով կայուն արժեհամակարգ, սկզբունքներ ու գաղափարական հենք` քաղաքականությունն ընկալում են կենցաղային հարաբերությունների մակարդակով:
Գարշահոտությունը տարածվում է նաեւ նրանց «գործունեությունից», ովքեր երկկենցաղի կյանք վարելը դարձրել են կենսակերպ, եւ քծնանքը վերածել քաղաքական կատեգորիայի: Այս մթնոլորտում չի կարող լինել առողջ երկխոսություն, իսկ վերջինս էլ չի կարող հանգեցնել քաղաքական միջավայրի հստակեցման: Որովհետեւ մոլախոտային այդ տեսակն այնքան է տարածվել, որ օդից զրկել է ողջ շրջապատը, ապականել մթնոլորտը եւ փաստացի անհնար դարձրել առողջ քաղաքական հարաբերությունների ստեղծումն ու ծավալումը: Այսպիսի վիճակում անգամ ամենադրական նպատակներ հետապնդող գործընթացները դատապարտված են տապալման: Որովհետեւ դրանում ներգրավված այս տեսակը ոչ թե խնդիրների լուծում է փնտրում, այլ սեփական տեղն արեւի տակ պահելու, իսկ պահետ առիթի դեպքում նաեւ մյուսներին տարածությունից զրկելու խնդիր է լուծում: Եւ այս միտումն ավելի զգալի է հիմա` ընտրությունների նախօրյակին»:




























