Վրաստանում Ֆրանսիայի դեսպան Էրիկ Ֆուրնիեն մեկնաբանել է վրացական պարբերականներից մեկին  տված իր սկանդալային հարցազրուցը։

Նա հայտարարել է, որ «Թբիլիսելեբի» ամսագրին ասածն իր անձնական կարծիքն է եւ չի ներկայացնում Փարիզի պաշտոնական դիրքորոշումը։

Նրա խոսքով, լրագրողի հարցը բարկացրել է իրեն, ինչն էլ բավական զգացմունքային հայտարարության պատճառ է դարձել։

«Ինչ որ ասել եմ հարցազրույցում, Ֆրանսիայի պաշտոնական դիրքորոշումը չէ, դա իմ անձնական կարծիքն է։ Ցավոք, ոչ բոլոր լրագրողներն են պրոֆեսիոնալ։ Հաճախ նրանք ոչ ճիշտ տեղեկություն են տարածում։ Ամսագրի լրագրողի տված հարցը բարկացնող եւ անպատասխանատու էր։ Բնականաբար, այդ հարցն ինձ մոտ ուժեղ զգացմունքներ առաջացրեց, եւ ինձ մոտ ցանկություն առաջացավ սադրիչ պատասխան տալ»,- ասել է ֆրանսիացի դիվանագետը։

Նշենք, որ հարցազրույցի ժամանակ լրագրողը հարցրել էր, թե զգո՞ւմ է արդյոք Ֆրանսիան պատասխանատվություն 2008 թվականի ռուս-վրացական պատերազմի համար: Էրիկ Ֆուրնիեն հայտարարել էր վրացի լրագրողների ցածր որակավորման եւ ինքնագրաքննության մասին։ «Թբիլիսելեբի» ամսագրին տված հարցազրույցում դեսպանը պատասխանելով խնդրանքին՝ գնահատել վրացական լրատվամիջոցներին, ասել էր, որ «ոչ ոք չգիտի՝ ում են պատկանում հեռուստաալիքները»: Բացի այդ, նրա խոսքով, վրացական լրատվամիջոցների գլխավոր խմբագիրները «ընտրում են թեմաները»:

«Լրագրողները վախենում են կորցնել աշխատանքը, դրա համար էլ նրանց մոտ ինքնագրաքննություն է զարգանում»,- ասել է Էրիկ Ֆուրնիեն։