Հայաստանի նախագահ Սերժ Սարգսյանը չի պատրաստվում երկրում անցկացնել արտահերթ ընտրություններ, քանի որ, ըստ նրա, նման ընտրություններ անցկացնելու անհրաժեշտություն գոյություն չունի: Այս մասին նա հայտարարել է ԵԽԽՎ ամառային նստաշրջանի ժամանակ` պատասխանելով ԵԽԽՎ-ում Հայաստանի պատվիրակության անդամ, ԱԺ «Ժառանգություն» խմբակցության անդամ Զարուհի Փոստանջյանի հարցին:

Վերջինս իր հարցի նախաբանում նշել է, որ Հայաստանում ձեւավորվել է ավտորիտար ռեժիմ, 1995 թվականից սկսած ընտրությունները կեղծվել են: Փոստանջյանն այնուհետ հարցրել է ՀՀ նախագահին, թե չե՞ք ցանկանում միանալ Արդարադատության միջազգային դատարանի կանոնադրությանը, նախաձեռնել արտահերթ, արդար ընտրություններ եւ հեռանալ, քանի որ ավտորիտար ռեժիմները, միեւնույն է, տապալվելու են:

«Ես չեմ կասկածում, որ Դուք այլ կարծիք ունեք, որովհետեւ ես մշտապես տեղյակ եմ լինում Ձեր կարծիքներին, որոնք շատ հեշտությամբ եւ ազատությամբ Դուք հնչեցնում ենք ինչպես խորհրդարանում, այնպես էլ փողոցներում ու լրատվամիջոցներում: Ես Ձեր կարծիքը հարգում եմ, սակայն համամիտ չեմ»,-Փոստանջյանին արձագանքել է Սերժ Սարգսյանն ու հավելել. «Գնահատական տվողները պետք է նաեւ կամք ունենան լսել ուրիշի գնահատականները, այնպես, ինչպես մենք ենք լսում ինչպես ընդդիմության, այնպես էլ մեր գործընկերների կարծիքները: Բայց ինչպես Դուք լսեցիք այսօր, ինչպես ես իմ հանդիպումների ընթացքում լսեցի, ԵԽ բարձրաստիճան պաշտոնյաների կարծիքը Ձեր կարծիքի հետ բնավ չի համընկնում, ինչի համար ես շատ ուրախ եմ:

Ես կարծում եմ, որ Հայաստանում, իրոք, ընթանում են համապարփակ բարեփոխումներ: Մենք բազմաթիվ անգամ կոչ ենք արել մասնակցել այդ բարեփոխումեներին` իրենց գործով, գնահատականներով, իրենց քննադատություններով, ինչպես նաեւ իրենց կառուցողական առաջարկություններով: Ո’չ, ես չեմ պատրաստվում անցկացնել արտահերթ ընտրություններ, որովհետեւ դրա ոչ անհրաժեշտությունը կա, ոչ էլ մեր Սահմանադրությունն է նման հնարավորություն տալիս այդպես հեշտությամբ անցկացնել արտահերթ խորհրդարանական ընտրություններ»,- ասել է ՀՀ նախագահը:

Սերժ Սարգսյանը կարծիք է հայտնել, որ շատ ավելի ճիշտ կլինի, եթե Փոստանջյանը, որպես ակտիվ քաղաքական գործիչ, մասնակցի իշխանությունների կողմից կազմակերպվող քննարկումներին եւ իր ավանդն ունենա ՀՀ-ում իրականացվող բարեփոխումներին»:

Հայաստանի նախագահը կոչ է արել «Ժառանգության» պատգամավորին ակտիվորեն մասնակցել հերթական ընտրություններին: Սերժ Սարգսյանը նշել է նաեւ, որ Հայաստանը միշտ պատրաստ է եղել ընդունել միջազգային դիտորդների, «քանի որ սա այն պարագան է, որ երրորդ կողմի կարծիքը շատ էական պետք է լինի»: «Համաձայն եմ Ձեր այն կարծիքին, որ մեր երկրում անվստահության մթնոլորտ է ձեւավորված` հատկապես ընտրությունների նկատմամբ: Ուստի ես իմ ելույթում ասացի, որ բավարար չէ արդար եւ օրինական ընտրությունների անցկացումը, անհրաժեշտ է, որպեսզի հանրությունն այդպիսին ընդունի այդ ընտրությունները: Ես ձեզ կոչ եմ անում հանրությունում ձեւավորել այդպիսի կարծիք»,-հայտարարել է Սերժ Սարգսյանը:

Նշենք, որ ԵԽԽՎ ամառային նստաշրջանը մեկնարկել է հունիսի 20-ին: Այսօր` հունիսի 22-ին ՀՀ նախագահ Սերժ Սարգսյանը ելույթ է ունեցել ԵԽԽՎ-ում: