2008-ի մարտի 1-2-ի դեպքերն ու դրանց պատճառներն ուսումնասիրող ԱԺ ժամանակավոր հանձնաժողովի եզրակացությունում ընդգրկված առաջարկությունների կատարման ապահովման նպատակով ՀՀ ոստիկանությունը կառավարության հաստատմանն է ներկայացրել իր կողմից օգտագործվող սպառազինությունների ցանկը: Այդ մասին տեղեկացնում է կառավարության պաշտոնական կայքէջը:
Նշենք, որ գործող ցանկը հաստատվել է 2002 թ., եւ ըստ ոստիկանության հաղորդագրության` արդեն հնացել է: Մասնավորապես` սահմանված է միայն հրազենի ու ռազմամթերքի ցանկը, սակայն բացակայում են ոստիկանության կողմից օգտագործվող հատուկ միջոցներն ու անհատական պաշտպանության միջոցները, ինչպես նաեւ կարգավորված չեն սպառազինությունից հրազենը, ռազմամթերքը հանելու կամ սպառազինությունում նոր տեսակներ ընդգրկելու հետ կապված հարաբերությունները:
Եթե կառավարությունը հունիսի 23-ի նիստում ընդունի ոստիկանության առաջարկը, ապա ոստիկանության կողմից օգտագործվող հրազենի, ռազմամթերքի, հատուկ միջոցների եւ անհատական պաշտպանության միջոցների բոլոր տեսակները կլինեն հրապարակային:
Ըստ կառավարության պաշտոնական կայքէջում տեղակայված տեղեկատվության, ոստիկանության ակտիվ պաշտպանության միջոցների ցանկում ներառվել են գազային եւ վնասվածքային ատրճանակներ, աէրոզոլային փաթեթներ, էլեկտրահարող սարքավորումներ :
Որպես հատուկ միջոցառումների իրականացման միջոցներ նշված են տարբեր տեսակի նռնակներ (գազային, ծխային, գրոհային, արցունքաբեր-գրգռիչ եւ այլն), «Կլյուչ» եւ «Իմպուլս» փոքրածավալ պայթուցիկ սարքավորումները, ջրանետ մեքենաներ, զրահամեքենաներ «Տիգռ», ԲՌԴՄ-1, 2, ԲՏՌ-70, 80, ԲՏՌ-60ՊՈՒ, ծառայողական շներ` պահնորդական, հետախուզական, պարեկային եւ այլն:



























