Հայաստանի հանքարդյունաբերության ոլորտը ազգային տնտեսության մեջ ունի   առանցքային մասնաբաժին: Հայաստանից արտահանվող նյութերի առնվազն կեսը բաժին է ընկնում հանքային խտանյութերին եւ մետաղներին, որոնք երկրից արտահանվող արտադրանքների ցուցակում առավել կարեւոր տեղ են զբաղեցնում: Այս մասին նշված է ՀՀ էներգետիկայի եւ բնական պաշարների նախարարության պաշտոնական կայքէջի հրապարակման մեջ:

Ներկայումս հաշվառված է հաստատված պաշարներով պինդ օգտակար հանածոների ավելի քան 670 հանքավայր, այդ թվում` 30 մետաղական: Նշված հանքավայրերից շահագործվում են շուրջ 400-ը` այդ թվում` 22 մետաղական:

Հայաստանի Հանրապետության ընդերքը հարուստ է հետեւյալ մետաղական օգտակար հանածոների տեսակներով` երկաթ, պղինձ, մոլիբդեն, կապար, ցինկ, ոսկի, արծաթ, ծարիր, ալյումին ինչպես նաեւ նրանցում պարփակված հազվագյուտ ու ցրված մետաղներով:

Մետաղական օգտակար հանածոների թվում առկա են  7 պղնձամոլիբդենային, 4 պղնձի, 14 ոսկու եւ ոսկի-բազմամետաղային, 2 բազմամետաղային, 2 երկաթահանքային եւ 1 ալյումինահանքային հանքավայր:

Պետական հաշվեկշռում գրանցված հանքավայրերի հանքաքարերում, բացի հիմնական մետաղներից, բացահայտված է հազվադեպ եւ ցրված տարրերի առկայություն` ռենիում, սելեն, թելուր, կադմիում, ինդիմում, հելիում, թալիում, բիսմութ եւ այլն:

Ներկայումս Հայաստանի լեռնամետալուրգիական համալիրի համար վերջնական արտադրանք են հանդիսանում հիմնականում խտանյութերը (պղնձի, մոլիբդենի, ցինկի, որոշ դեպքերում` ոսկու եւ արծաթի բարձր պարունակությամբ, մոտ հեռանկարում` նաեւ կապարի խտանյութեր), ինչը թույլ չի տալիս ամբողջովին օգտագործել հանքավայրի տնտեսական ներուժը:

Հանրապետության տարածքում առկա են օգտակար հանածոների հանքավայրերի շահագործման ընթացքում առաջացող թափոնների կուտակման 15 պոչամբարներ, որոնց ծավալները անցնում են մի քանի մլն. խոր. մ-ից եւ զբաղեցնում են մոտ 700 հա ընդհանուր մակերես: Ներկայումս պոչամբարներում կուտակված օգտակար հանածոների արդյունահանման եւ վերամշակման արդյունքում առաջացած արտադրական թափոնները չեն օգտագործվում, չնայած դրանք պարունակում են մեծ քանակությամբ բազմամետաղներ:

Ոչ մետաղական հանքային պաշարների հարստությամբ ու բազմազանությամբ Հայաստանի Հանրապետությունն աշխարհում առաջատար տեղ է գրավում: Հանրապետության փոքրիկ տարածքում հանդիպում են աշխարհում հայտնի համարյա բոլոր տեսակի հանքանյութային ապարները: Հատուկ  արժեք  ու նշանակություն են ներկայացնում  Հայաստանի տարածքում հրաբխային պրոցեսների արդյունքում առաջացած լեռնային  ապարները, որոնցից են  թեթեւ  ապարները` տուֆերը, պեռլիտները, պեմզաները, ցեոլիտները, հրաբխային խարամները եւ այլն: Տարատեսակ բազալտների, գրանիտների, նեֆելինային սիենիտների, մարմարների պաշարների ծավալները հսկայական են:

Ամենաորակյալ եւ ամենաշատ փքվող լեռնային ապարների (պեռլիտներ, օբսիդիաններ եւ այլն) պաշարները աշխարհում գտնվում են Հայաստանում: Հայաստանում գտնվող Արագած-պեռլիտի հաստատագրված պաշարները կազմում են 150 մլն խոր. մ, իսկ կանխատեսվող պաշարների ընդհանուր քանակը հասնում է մինչեւ 3 մլրդ խոր.մ-ի: Հայաստանի ամբողջ տարածքով քարտեզագրված են 100-ից ավելի բազալտի, անդեզիտի հանքավայրեր, որոնցից մի քանիսը միակն են իրենց բաղադրությամբ (բազալտի Խալաջի հանքանյութի MgO –ի պարունակությունը հասնում է մինչեւ 11%): Իրենց նշանակությամբ եւ որակական ցուցանիշներով  անգնահատելի են Հայաստանի տարածքում գործող քվարցիտների, կարբոնատների, ցեոլիտների, հրաբխային խարամների եւ պեմզաների, կավերի, բենտոնիտների, դիատոմիտների, գիպսի հանքավայրերը`  մեծ պաշարներով: