ԼՂՀ իշխանությունների հետ նախօրոք ձեռք բերված պայմանավորվածության համաձայն, հունիսի 23-ին ԵԱՀԿ առաքելությունը Լեռնային Ղարաբաղի եւ Ադրբեջանի զինված ուժերի շփման գծի պլանային դիտարկում է անցկացրել ԼՂՀ Մարտունու շրջանի Կուրոպատկինո բնակավայրի մոտակայքում:
ԼՂՀ ԱԳՆ մամուլի ծառայությունից NEWS.am-ին հայտնում են, որ ԼՂՀ Պաշտպանության բանակի դիրքերից դիտարկումն իրականացրել են ԵԱՀԿ գործող նախագահի անձնական ներկայացուցչի /ԳՆԱՆ/ դաշտային օգնականներ Ուիլյամ Պրայորը /Մեծ Բրիտանիա/, Անթալ Հերդիչը /Հունգարիա/ եւ Խրիստո Խրիստովը /Բուլղարիա/:
Հակառակ կողմից դիտարկման խմբում էին ԵԱՀԿ գրասենյակի համակարգող փոխգնդապետ Իմրե Պալատինուսը /Հունգարիա/ եւ ԳՆԱՆ դաշտային օգնական Մարիուս Պուոձիունասը /Լիտվա/:
Դիտարկման ընթացքում կրակի դադարեցման ռեժիմի խախտումներ չեն արձանագրվել: Սակայն ադրբեջանական կողմը ԵԱՀԿ առաքելությանը դուրս չի բերել իր առաջապահ դիրքեր, նախօրոք համաձայնեցված կետ, որի հետևանքով ԵԱՀԿ դիտարկման խմբերը ստիպված են եղել դիտարկում կատարել ավելի հեռու տարածությունից:
Դիտարկման առաքելությանը ղարաբաղյան կողմից ուղեկցել են ԼՂՀ Արտաքին գործերի նախարարության եւ Պաշտպանության նախարարության ներկայացուցիչները:




























