Սկսվել է «Մանկական եվրատեսիլ 2011» մրցույթի հայաստանյան նախընտրական փուլի դիմումների ընդունումը։ Ինչպես հայտնում է eurovision.am կայքը, հայտերը կընդունվեն մինչեւ 2011թ. hուլիսի 20-ը:

Սահմանված կարգի համաձայն՝ մրցույթին իրավունք ունեն մասնակցել 10-15 տարեկան այն երեխաները, ովքեր Հայաստանի քաղաքացիներ են, կամ Հայաստանում ապրել են առնվազն 2,5 տարի: Ընդ որում, թեպետ ներկայացվող երգը պետք է լինի միայն հայերեն լեզվով, սակայն թույլատրելի են նաեւ օտար լեզվով մի քանի տողեր: Երգի տեւողությունը պետք է լինի 2.30-2.45 վայրկյան։

Հատկանշական է, որ բեմում գտնվող մասնակիցների թիվը չպետք է գերազանցի 6-ը: Երգի ստեղծման մեջ ակտիվ մասնակցություն պետք է ունենան 10-15 տարեկան երեխաները, սակայն 2008թ. սկսած՝ կանոնները պաշտոնապես թույլ են տալիս, որպեսզի մեծահասակները երգ պատրաստելու հարցում օգնեն երեխաներին, այն պայմանով, որ այդ երգերի բոլոր իրավունքները կպատկանեն միայն երեխաներին:

Նշենք, որ «Մանկական եվրատեսիլ 2011» մրցույթը Երեւանի Կ. Դեմիրճյանի անվան մարզահամերգային համալիրում տեղի կունենա դեկտեմբերի 3-ին։

Հիշեցնենք, որ անցած տարի Մինսկում անցկացված այս մրցույթում «Մամա» երգով հաղթել էր Հայաստանը ներկայացնող Վլադիմիր Արզումանյանը։ Նա 120 միավոր էր վաստակել։