NEWS.am-ի տեղեկություններով` իշխանությունները մտադիր են առաջիկայում պետգույքի կառավարման ոլորտում աշխատանքի տեղավորել ՀՀ Արդարադատության նախարարության նոտարական բաժնի նախկին պետ Մարիամ Գաբոյանին: Ըստ լուրերի, Գաբոյանը, ով իր աշխատանքից ազատվելը համարում է ապօրինի, սպառնացել է, թե իշխանության ներկայացուցիչների գործարքների վերաբերյալ սկանդալային տեղեկություններ կհրապարակի, եթե առաջիկայում չլուծվի իր աշխատանքի հարցը: Նա, ի դեպ, իր վերջին ասուլիսում հայտարարել էր, թե պետական չինովնիկները նոտարական գործարքներ կատարելիս չեն վճարում պետտուրքը:
NEWS.am-ի թղթակցի հետ զրույցում Գաբոյանը նշեց, որ դեռեւս նոր աշխատանք չի գտել եւ շարունակում է մնալ ՀՀ քաղաքացիական ծառայության կադրերի ռեզերվում: «Որոշել եմ, հանգստանալ»,-հայտարարեց Գաբոյանը: Ինչ վերաբերում է նոտարական բաժնի մյուս երկու աշխատակիցներին, ովքեր եւս «Հանրապետւթյան գլխավոր նոտարի» հետ մեկտեղ ազատվել են աշխատանքից, ապա նրանց ճակատագիրը վերջինիս հայտնի չէ: «Ես միայն իմ մասով կարող եմ ասել, որ դեռ չեմ աշխատում, իսկ ուրիշների մասին տեղյակ չեմ եւ չեմ հետաքրքրվում»,-արձագանքեց Գաբոյանը:
Նշենք, որ ժամանակ առաջ ՀՀ արդարադատության նախարարությունում տեղի ունեցած կառուցվածքային փոխոխությունների` նոտարական բաժնի վերակազմակերպման հետեւանքով աշխատանքից ազատվել եւ ՀՀ քաղաքացիական ծառայության կադրերի ռեզերվ են ուղարկվել Մարիամ Գաբոյանն ու բաժնի եւս երկու աշխատակիցներ: Դրանից հետո հրավիրված ասուլիսում Գաբոյանը հայտարարել էր, թե խիստ մտահոգված է իր աշխատակիցների կարիերայով, քանի որ նրանք պրոֆեսիոնալներ են: Գաբոյանը նաեւ նշել էր, որ 32 տարի աշխատել եւ այսուհետ եւս կաշխատի իրավաբանության ոլորտում:




























