Ստամբուլի ծանր հանցագործությունների գծով 13-րդ դատարանը մերժել է ազատ արձակել ընդդիմադիր «Ժողովրդա-հանրապետական» կուսակցությունից առաջադրված եւ պատգամավոր դարձած Մեհմեդ Հաբերալին եւ Մուսթաֆա Բալբային։

Թուրքական Hurriyet-ի փոխանցմամբ՝  ազատ արձակման մերժման որոշումը կայացվել է դատարանի անդամների մեծամասնության կողմից, իսկ դատարանի նախագահ Քյոքսալ Շենգյունը կողմ է եղել Մեհմեդ Հաբերալի եւ Մուսթաֆա Բալբայի ազատ արձակմանը։

Այս որոշումը լսելուց հետո «Ժողովրդա-հանրապետական»-ը արտահերթ ժողով է հրավիրել՝ քննարկելու ստեղծված իրավիճակը, քանի որ 2 պատգամավոր է կորցնում։

Նշենք, որ «Էրգենեկոն»-ի գործով մեդադրյալ, լրագրող Մուսթաֆա Բալբայը «Ժողովրդա-հանրապետական» կուսակցության ցուցակով ընտրվել է Իզմիրից։

«Էրգենեկոն»-ի գործով մեղադրյալ, նախկին ռեկտոր, պրոֆ. Մեհմեդ Հաբերալը «Ժողովրդա-հանրապետական» կուսակցության ցուցակով ընտրվել է Զոնգուլդակից։

Այսպիսով՝ ընդդիմադիր «Ժողովրդա-հանրապետական» կուսակցությունը խորհրդարանում կունենա  133 պատգամավոր։