Ալավերդիի քաղաքապետարանն օգոստոսից նախատեսում է քաղաքին կից նոր աղբավայր կառուցել. հինն այլեւս սպառել է իրեն, եւ աղբն այնտեղ տեղափոխելու ճանապարհին, ինչպես նաեւ անձրեւներ տեղալու ժամանակ լցվում է Դեբեդ գետը: NEWS.am-ի թղթակցի ետ զրույցում այս մասին հայտարարեց Ալավերդիի քաղաքապետ Արթուր Նալբանդյանը։

Նրա խոսքով, ի տարբերություն գործող աղբավայրի, որը ալավերդցիներին ծառայում է դեռեւս 1981 թվականից եւ զբաղեցնում է ընդամենը 1,5 հա տարածություն, այս մեկը կառուցվելու է 4,6 հա մակերեսով եւ Ալավերդիի ու հարակից գյուղական համայնքների աղբահանության խնդիրը լուծելու է մոտակա 60-70 տարիների կտրվածքով։ «Նոր աղբայրի կառուցման համար անհրաժեշտ կլինի մոտ 152 միլիոն դրամ, սակայն այդ գումարից դեռ 70 միլիոն պակասում է: Այդ գումարը հայթայթելու նպատակով քաղաքապետարանը դիմել է միջազգային տարբեր կազմակերպությունների, դոնորների։ Ընդ որում, այս տարվա համար ունենք ընդամենը 35 մլն դրամ»,- տեղեկացրեց Նալբանդյանը, հավելելով, որ քաղաքապետարանում լիահույս են՝ աղբավայրը շահագործման կհանձնվի արդեն 2012 թվականին։

Քաղաքապետը նաեւ տեղեկացրեց, որ աղբավայրի կառուցման բյուջեն գոյացել է պետական բյուջեից` Ալավերդիին փոխանցվող բնապահպանական վճարներից, որոնք վճարում  է Թեղուտի հանքավայրի սեփականատեր «Արմենիան քափր փրոգրամ»` ACP ընկերությունը: