Հայաստանի նախագահ Սերժ Սարգսյանը հունիսի 23-ին հեռախոսազրույց է ունեցել ԱՄՆ նախագահ Բարաք Օբամայի հետ՝ վերջինիս նախաձեռնությամբ:
Հայաստանի նախագահի գրասենյակից NEWS.am-ին հայտնում են, որ ԱՄՆ նախագահը կարեւորել է Կազանում տեղի ունենալիք Հայաստանի, Ռուսաստանի եւ Ադրբեջանի նախագահների եռակողմ հանդիպումը: Բարաք Օբաման շնորհակալություն է հայտնել ԼՂ հակամարտության կարգավորման հարցում Սերժ Սարգսյանի առաջնորդության համար եւ Դովիլի հայտարարության համատեքստում կարեւորել Կազանում առաջընթացի արձանագրումը:
Նախագահ Սերժ Սարգսյանը շնորհակալություն է հայտնել Բարաք Օբամային՝ Մինսկի խմբի շրջանակում հակամարտության կարգավորման գործընթացին հետեւողական աջակցության համար: Սերժ Սարգսյանը նշել է, որ Հայաստանի եւ Լեռնային Ղարաբաղի ժողովուրդները միշտ ձգտել են հակամարտության խաղաղ ու արդար կարգավորման, եւ եթե Կազանում ադրբեջանական կողմը ցուցաբերի կառուցողական մոտեցում, ապա կարելի է ակնկալել դրական արդյունքներ:
Հայաստանի եւ ԱՄՆ նախագահները քննարկել են նաեւ երկկողմ համագործակցության հարցեր:




























