Ադրբեջանի պատվիրակությունը` այդ երկրի նախագահ Իլհամ Ալիեւի գլխավորությամբ հունիսի 23-ին ժամանել է ՌԴ Թաթարստանի մայրաքաղաք Կազան: Այս մասին հաղորդում է Թաթարստանի նախագահի մամուլի ծառայությունը:

«Կազան» միջազգային օդանավակայանում Ալիեւին դիմավորել են Թաթարստանի նախագահ Ռուստամ Միննիխանովը, այլ պաշտոնատար անձինք:

Կազան այցելության շրջանակում Ադրբեջանի պատվիրակությունը կայցելի մի շարք արդյունաբերական օբյեկտներ, ինչպես նաեւ սպորտային ենթակառուցվածքներ, որոնք կառուցվել են 2013-ին կայանալիք ամառային ունիվերսիադայի նախաշեմին: Բացի այդ, ադրբեջանցի հյուրերը կայցելեն նաեւ բարձր տեխնոլոգիաների ոլորտի IT-ի պարկը:

Այսօր` հունիսի 24-ին Կազան կժամանի նաեւ Հայաստանի նախագահ Սերժ Սարգսյանը: Նա ներկա կլինի ՌԴ նախագահի մրցանակի արդեն ավանդական դարձած ձիարշավին:

Կազանում տեղի կունենա Հայաստանի, Ադրբեջանի եւ Ռուսաստանի նախագահների հանդիպումը, որտեղ կքննարկվի ԼՂ խնդիրը: