Առկա տարածաշրջանային սպառնալիքներն ու մարտահրավերները պահանջում են ավելի սերտ համագործակցություն: Այս մասին հայտարարել են Կիպրոսի, Հունաստանի եւ Եգիպտոսի պաշտպանության նախարարները՝ նշելով, որ ձգտելու են ներգրավել ավելի շատ երկրներ պատրաստվածության մակարդակի բարձրացմանն ուղղված համատեղ զորավարժություններին մասնակցելու համար, հաղորդում է AP-ն:
Կիպրոսի պաշտպանության նախարար Խարալամբոս Պետրիդեսը Նիկոսիայում ընդունել է հույն եւ եգիպտացի գործընկերներ Նիկոս Պանագիոտոպուլոսին եւ գեներալ Մոհամեդ Զաքին երկրների միջեւ պաշտպանական համագործակցության ամրապնդմանն ուղղված եռակողմ հանդիպումների շարքում:
«Պայմանավորվել ենք հետագայում եւս զարգացնել մեր արդեն կայացած համագործակցությունը եւ դրանով հստակ եւ ուժեղ ազդակներ ուղարկել, ինչպես նաեւ ուսումնասիրել այն ընդլայնելու հնարավորությունը և ներառել այլ երկրներ, որոնց հետ նույն արժեքներն ու նպատակներն ենք կիսում մեր ավելի ընդարձակ տարածաշրջանի ապագայի համար», - ասել է Պանագիոտոպուլոսը:
Այս տարի ավելի վաղ Ֆրանսիան եւ Արաբական Միացյալ Էմիրությունները առաջին անգամ երեք երկրների հետ մասնակցել են համատեղ զորավարժությունների:
Զաքին ասել է, որ երեք նախարարները քննարկել են գործողությունների համակարգման բարելավումը տարածաշրջանային սպառնալիքներին հակազդելու գործում, ինչպիսիք են ահաբեկչությունը, անօրինական միգրացիան եւ թրաֆիքինգը:
Պանագոտոպուլոսը եւ Պետրիդեսը քննադատել են Հունաստանի եւ Կիպրոսի ջրերում Թուրքիայի «ապօրինի, սադրիչ եւ միակողմանի» գործողությունները, որոնք հակասում են միջազգային իրավունքին եւ խաթարում են տարածաշրջանի կայունությունը:
Համատեղ հայտարարության մեջ նախարարները դատապարտել են «ցանկացած երկրի ինքնիշխան իրավունքները, տարածքային ամբողջականությունը եւ միասնությունը ոտնահարող գործողությունները»:





























