Մերձավոր Արեւելքում հակամարտությունը ՄԱԿ-ում Ֆրանսիայի եւ ԱՄՆ-ի միջեւ դիվանագիտական առճակատման պատճառ է դարձել, հայտնում է AFP-ն:
Չնայած Վաշինգտոնի երաշխավորված հակազդեցությանը՝ Ֆրանսիան ՄԱԿ-ի Անվտանգության խորհրդի բանաձեւի եւս մի նախագիծ է առաջարկել, որը կոչ է անում դադարեցնել ռազմական գործողություններն Իսրայելի եւ պաղեստինցիների միջեւ, ինչպես նաեւ հումանիտար մուտք տրամադրել Գազայի հատված:
Ըստ AFP-ի ստացած տեքստի՝ նախագիծը «պահանջում է անհապաղ դադարեցնել ռազմական գործողությունները» եւ կոչ է անում «ակտիվացնել եւ արագացնել դիվանագիտական ջանքերը եւ աջակցել երկու պետությունների համակեցության համաձայնեցված լուծմանը»:
Դիվանագետները նշել են, որ տեքստը տարածվել է Անվտանգության խորհրդի 15 անդամների մոտ, որոնք, ըստ կանխատեսումների, որոշում կկայացնեն մինչեւ հինգշաբթի: Ֆրանսիան չի նշել, թե երբ կարող է անցկացվել քվեարկությունը:
Վերջին օրերին Միացյալ Նահանգները բազմիցս վետո են դրել նման բանաձեւերի վրա՝ հայտարարելով, որ ճգնաժամից դուրս գալու այլ ուղիներ են փնտրում:
ՄԱԿ-ում ԱՄՆ ներկայացուցիչն AFP-ին հայտարարել է, որ «մենք կենտրոնացած ենք բռնությունը դադարեցնելու ինտենսիվ դիվանագիտական ջանքերի վրա եւ չենք աջակցելու գործողություններին, որոնք, մեր կարծիքով, խաթարում են դեէսկալացմանն ուղղված ջանքերը»:
Ֆրանսիայի արտաքին գործերի նախարար Ժան-Իվ Լե Դրիանը չորեքշաբթի խորհրդարանում ասել է, որ «ամերիկյան դիրքորոշումը շատ վճռական կլինի»:
Ֆրանսիայի եւ Միացյալ Նահանգների միջեւ զգալի լարվածությունը կարող է հետք թողնել եւ ազդել այլ խնդիրների վրա:
Ըստ AP-ի՝ ԱՄՆ-ն հայտարարել է, որ դեմ է ՄԱԿ-ի Անվտանգության խորհրդի առաջարկած բանաձեւին, որը կոչ է անում զինադադար հաստատել Գազայում Իսրայելի եւ «ՀԱՄԱՍ»-ի ղեկավարների հակամարտության մեջ՝ կրկնելով, որ դա կարող է խոչընդոտել Բայդենի վարչակազմի` ռազմական գործողությունները դադարեցնելու ջանքերին:





























