Իսրայելի եւ ՀԱՄԱՍ-ի միջեւ հրադադարը կարող է ձեռք բերվել արդեն ուրբաթ՝ մայիսի 21-ին, տեղեկացնում է The Wall Street Journal-ը՝ հղում կատարելով քննարկումների մասնակիցներին։
ԱՄՆ եւ այլ երկրների պաշտոնական անձինք թերթին տեղեկացրել են, որ եգիպտական պաշտոնատար անձինք առաջընթացի են հասել ՀԱՄԱՍ-ի ղեկավարության հետ բանակցություններում։ Ամերիկացի պաշտոնյայի խոսքով՝ Բայդենի աշխատակազմը կարծում է, որ հրադադարը կարող է ձեռք բերվել այս շաբաթ, պայմանով, որ չնախատեսված բախումները չխանգարեն քննարկումներին։
Wall Street Journal-ի տվյալներով՝ Եգիպտոսը, Կատարը եւ մի քանի եվրոպական երկրներ աշխատում են, որպեսզի ստիպեն Իսրայելի եւ ՀԱՄԱՍ-ի առաջնորդներին վերջ դնել բռնությանը Գազայում։
ԱՄՆ պաշտոնական ներկայացուցիչը տեղեկացրել է, որ միակ խնդիրը ժամանակն է։ Նաեւ մտահոգություններ կան, որ ՀԱՄԱՍ-ի կողմում պայքարող մարտական «Իսլամական ջիհադ» խմբավորումը կարող է սադրել իրավիճակի հետագա սրացում այն բանից հետո, երբ կողմերն ըստ էության կհամաձայնեն հրադադար հաստատել։
Նախօրեին նախագահ Ջո Բայդենը զրուցել է Իսրայելի վարչապետ Բենիամին Նեթանյահուի հետ՝ նշելով, որ «այսօր ակնկալում է զգալի ապասրացում հրադադարի ճանապարհին»։
Զրույցից հետո Նեթանյահուն ասել է, որ լի է վճռականությամբ՝ «շարունակելու գործողությունն այնքան ժամանակ, մինչեւ որ նպատակն իրականանա՝ վերականգնել անդորրն ու անվտանգությունն Իսրայելի քաղաքացիների համար»։





























