Էջմիածնի քաղաքապետն ու նրա հայրը առնչություն չունեն Էջմիածնում տեղի ունեցած ծեծկռտուքի հետ: Այս մասին NEWS.am-ի թղթակցին հայտնեց Էջմիածնի քաղաքապետարանի տեղեկատվական հարցերով պատասխանատու Վարդան Վարդանյանը` մեկնաբանելով այդ մասին մամուլի հրապարակումները: Նա նշեց, որ ինչ-որ շահագրգիռ ուժեր ամեն ինչ անում են եւ ամեն առիթ օգտագործում են, որպեսզի անվանարկեն քաղաքապետ Կարեն Գրիգորյանին, ով ԵԿՄ նախագահ գեներալ Մանվել Գրիգորյանի որդին է:

Ըստ մամուլի տեղեկությունների` «Մանվելի մարդիկ» ծեծի են ենթարկել 25-ամյա  Վարդան Սախկալյանին` նրան պատճառելով մարմնական վնասվածքներ: Վեճի պատճառը եղել է համայնքային ենթակայության հանրակացարանի շենքը, որտեղ ծեծվողի հայրը` Էջմիածնում հայտնի գործարար Էդիկ Սախկալյանը, փորձել է կոսմետիկ նորոգում անել:

«Ասում են, որ իրոք նման դեպք եղել է, սակայն մենք ոչ Վարդան Սախկալյանի, ոչ նրա հոր հետ մենք որեւէ կապ չունենք եւ չենք էլ ունեցել»,- ասաց Վ. Վարդանյանը:  Նա նշեց, որ հանրակացարանը քաղաքապետարանի կողմից սեփականություն իրավունքով  փոխանցվել է այդտեղ փաստացի ապրողներին: Հանրակացարանի վերանորոգումը Կառավարության որոշմամբ, ստանձնել է էդիկ Սախկալյանը:

Ըստ NEWS.am-ի աղբյուրների` թեեւ Կառավարությունը փոխանցել է համապատասխան գումար, սակայն վերանորոգումը տեւական ժամանակ է` հետաձգվում է: Այս հանգամանքն էլ վրդովվեցրել է հանրակացարանի խաբված բնակիչներին, ովքեր որոշել են իրենց հաշիվները  պարզել Սախկալյանի որդու հետ, ինչն էլ ավարտվել է ծեկռտուքով: 

Վարդան Վարդանյանը միջադեպի առթիվ մանրամասներ ճշտելու համար առաջարկեց կապվել Սախկալյանի հետ: Նա, սակայն, մեր բազմաթիվ հեռախոսազագներին այդպես էլ չպատասխանեց եւ պարբերաբար անջատում էր հեռախոսը:

NEWS.am-ը դեպքի առթիվ մանրամասներ ճշտելու համար դիմեց նաեւ ՀՀ ոստիկանություն: Ոստիկանության մամուլի ծառայությունից հայտնեցին, որ միջադեպը տեղի է ունեցել երեկ` հունիսի 23-ին, եւ նշեցին Վարդան Սախկալյանին ծեծի ենթարկածների տվյալները` Արման Յ. եւ Մանուկ Պ.: Վաղարշապատի բաժնում այժմ հետաքննություն է կատարվում: