Պաշտոնյանների մեծ մասը դեռ չի որոշել, թե երբ եւ որտեղ է հանգստանալու: NEWS.am-ը փորձել է պարզել, թե այս ամռանը երբ, որտեղ են հանգստանալու մեր պաշտոնյանները եւ ինչքա՞ն գումար են նախատեսել ամառային հանգստի համար:

Նշենք, որ պաշտոնյաններից ոչ ոք չհրապարակեց, ամառային հանգստի համար նախատեսած գումարի չափը: Ավելին` քաղաքաշինության նախարար Վարդան Վարդանյանը` իր հանգստի մեկնելու մասին հարցը համարեց խիստ անձնական եւ հրաժարվեց պատասխանել:

Հայաստանի վարչապետ Տիգրան Սարգսյանն իր հանգիստը համեստ է անցկացնելու: Այս մասին NEWS.am-ին հայտնեց վարչապետի օգնական Արամ Անանյանը, սակայն չնշեց, թե կոնկրետ որքան գումար է վարչապետը ծախսելու հանգստի համար: Նրա խոսքով, Տ. Սարգսյանն արդեն կողմնորոշվել է, թե որտեղ է անցկացնելու իր արձակուրդը` Արցախում:

Սփյուռքի նախարար Հրանուշ Հակոբյանը եւս «համեստ հանգստի» կողմնակից է: Նա թեեւ չի որոշել, թե երբ եւ որտեղ է հանգստանալու, բայց փոխանցեց, որ իր ամառային հանգիստը կհամապատասխանի իր արձակուրդայինին եւ աշխատավարձին:

Փոխվարչապետ, տարածքային կառավարման նախարար Արմեն Գեւորգյանը դեռ չի որոշել, թե երբ է մեկնելու հանգստի, բայց մտադիր է այն անցկացնել ավանդական ձեւով` մի մասը Հայաստանում, մյուս մասն` արտերկրում:

Սպորտի եւ երիտասարդության հարցերի նախարար Արթուր Պետրոսյանն ասաց, որ ամառային հանգստի հետ կապված դեռ պլաններ չկան, բայց հանգիստը, ամենայն հավանականությամբ, կանցկացնի Հայաստանում:

Աշխատանքի եւ սոցիալական հարցերի նախարար Արթուր Գրիգորյանը ծանրաբեռնվածության պատճառով հնարավոր է` հանգստի չմեկնի, իսկ գնալու դեպքում կհանգստանա Ղարաբաղի Մարտակերտի շրջանում:

Բնապահպանության նախարար Արամ Հարությունյանը եւս երկրից դուրս գալու մտադրություն չունի, նա հանգստանալու է հայրենի Եղվարդ գյուղում, հատուկ գումար չի նախատեսել ամառային հանգստի համար:

Հիշեցնենք, որ նախորդ տարի Տիգրան Սարգսյանը պաշտոնյաներին հորդորել էր տնտեսական ճգնաժամի պատճառով արձակուրդը չանցկացնել Հայաստանից դուրս, իսկ հնարավորության դեպքում` գնալ Ղարաբաղ: Ավելին, մամուլում տեղեկություններ էին հայտնվել, որ կառավարության հրահանգով պաշտոնյաներին պարտադրել են Ղարաբաղում հանգստի ուղեգրեր գնել:

Արդարադատության նախարար Հրայր Թովմասյանը, Գյուղատնտեսության նախարար Սերգո Կարապետյանը  եւ Մշակույթի նախարար Հասմիկ Պողոսյանը այս ամռանը արձակուրդի չեն գնալու:

Իսկ ահա, ԱԺ նախագահ Հովիկ Աբրահամյանը, Առողջապահության նախարար Հարություն Քուշկյանը, Կրթության եւ գիտության նախարար Արմեն Աշոտյանը, Էկոնոմիկայի նախարար Տիգրան Դավթյանը, Ֆինանսների նախարար Վաչե Գաբրիելյանը եւ Տրանսպորտի եւ կապի նախարար Մանուկ Վարդանյանը դեռ չեն որոշել, թե երբ եւ որտեղ են հանգստանալու:

Նշենք, որ Աշխատանքային օրենսգիրքը սահմանում է ամենամյա արձակուրդ տրամադրելու կարգը: 164 հոդվածում նշվում է, որ աշխատանքի առաջին տարվա համար ամենամյա արձակուրդը, որպես կանոն, տրամադրվում է տվյալ կազմակերպությունում անընդհատ աշխատանքի վեց ամիսը լրանալուց հետո: Երկրորդ եւ յուրաքանչյուր հաջորդ աշխատանքային տարվա համար ամենամյա արձակուրդը տրամադրվում է աշխատանքային տարվա ցանկացած ժամանակ` ամենամյա արձակուրդի տրամադրման հերթականությանը համապատասխան: Հերթականության կարգը սահմանվում է կոլեկտիվ պայմանագրով, իսկ նման պայմանագրի բացակայության դեպքում` կողմերի համաձայնությամբ:

Իսկ մյուս պաշտոնյաների հանգստի հետ կապված տվյալները կներկայացնենք առաջիկայում:

Շարունակելի

 

Պատրաստեց` Ինգա Մարտինյանը