Իսրայելի «Երկաթե գմբեթ» ՀՕՊ-ը վերջերս ՀԱՄԱՍ-ի հետ մարտերի ժամանակ Գազայի հատվածում պատահաբար իսրայելական անօդաչու է խոցել:

«Գազայում ռազմական գործողությունների եւ երկնքի պաշտպանության շրջանակներում «Երկաթե գմբեթը» իսրայելական «Skylark» անօդաչու սարք է խոցել», - Haaretz-ին հայտնել է Իսրայելի պաշտպանության բանակի ներկայացուցիչը՝ հավելելով, որ միջադեպը հետաքննվում է:

«Skylark» դրոնները իսրայելական Elbit Systems ընկերության փոքր անօդաչու թռչող սարքեր են, որոնք օգտագործվում են Իսրայելի պաշտպանության բանակի հրետանային կորպուսի «Sky Rider» ստորաբաժանման կողմից հետախուզման եւ դիտարկման նպատակներով:  

Haaretz-ը գրել է, որ Իսրայելի պաշտպանության բանակն «անհանգստացած է» միջադեպով, քանի որ այն կասկածի տակ է դնում բանակի՝ «սեփական ուժերին վնաս չհասցնելով՝ երկարատեւ ռազմական գործողություններ վարելու» կարողությունը:

Վերջին 11-օրյա հակամարտության ընթացքում, որը ներառում էր Գազայում ինտենսիվ փոխհրաձգություն Իսրայելի պաշտպանության բանակի եւ պաղեստինցի զինյալների միջեւ, «Երկաթե գմբեթը» բախվել է հազարավոր հրթիռների, ինչպես նաեւ թշնամու անօդաչուների հետ:

Իսրայելի «Երկաթե գմբեթը» հակաօդային պաշտպանության համակարգ է, որը նախատեսված է հրթիռներ, հրետանի եւ ականանետեր խոցելու համար: Համակարգը օգտագործվում է 2011 թվականից եւ նախատեսված է Իսրայելի քաղաքների ուղղությամբ հրթիռային հարվածների դեպքում զոհերի թիվը կրճատելու համար:

Համակարգը նախագծվել եւ մշակվել է իսրայելական պաշտպանական Rafael Advanced Defence Systems եւ Israel Aerospace Industries ընկերությունների կողմից՝ ԱՄՆ աջակցությամբ: Այն ավելի մեծ բազմամակարդակ պաշտպանական համակարգի մաս է, որը ներառում է այլ կարեւոր ակտիվներ, ինչպիսիք են Arrow-ի եւ Patriot-ի մարտկոցները:

Իսրայելի պաշտպանության նախարարությունը մարտին հայտարարել է «Երկաթե գմբեթ»-ի արդականացման ավարտի մասին, ինչը հնարավորություն կտա պաշտպանվել ավելի բազմազան օդային սպառնալիքներից, որոնց հետ Իսրայելը կարող է հետագայում բախվել: