Եթե խորհրդարանական ընտրությունները Հայաստանում կայանան արդար եւ ազատ, ապա մեծ տարբերությամբ կհաղթի «Բարգավաճ Հայաստան» կուսակցությունը: Մամուլի ասուլիսում նման կարծիք է հայտնել Գլոբալիզացիայի եւ տարածաշրջանային համագործակցության վերլուծական կենտրոնի ղեկավար Ստեփան Գրիգորյանը:
Նա ընդգծել է, թե ներկայումս Հանրապետական կուսակցությունը վայելում է բնակչության ցածր վստահությունը երկրում ստեղծված սոցիալ-տնտեսական իրավիճակի պատճառով:
«Ուստի, եթե խորհրդարանական ընտրությունները Հայաստանում ընթանան առանց խախտումների, ՀՀԿ-ի ստացած ձայները զգալի կզիջեն ԲՀԿ-ի ձայներին: Իսկ այն, որ արդար ընտրությունների անցկացումը բխում է Հայաստանի շահերից, որեւէ կասկած չի հարուցում: Միայն այդ դեպքում հանրապետությունը կարող է դուրս գալ միջազգային ճնշման տակից»,- նշել է փորձագետը` հավելելով, որ խորհրդարանական ընտրություններում հիմնական պայքարն ընթանալու է ոչ թե իշխանության եւ ընդդիմության, այլ կառավարող ուժերի` ՀՀԿ-ի եւ ԲՀԿ-ի միջեւ:
Միեւնույն ժամանակ, Գրիգորյանը հակասել է իրեն, հայտարարելով, թե Հայաստանի նախագահ Սերժ Սարգսյանի վարած բավական ուշագրավ եւ հատկանշական արտաքին եւ ներքին քաղաքականության շնորհիվ, որը միտված է քաղաքական դաշտում լարվածության նվազմանը, ժողովուրդը դժվար թե ռիսկի դիմի եւ իր ձայնը տա ընդդիմությանը: Գրիգորյանը հայտարարել է նաեւ, թե խորհրդարան անցնելու հնարավորություն ունեն ՀՅԴ-ն եւ «Ժառանգությունը»:




























